չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սահմանամերձ Գեղանուշը` Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ուշադրության կենտրոնում

Սահմանամերձ Գեղանուշը` Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ուշադրության կենտրոնում

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղը, որը տեղակայված է Կապանից մոտ 2 կմ հարավ, Մեղրու լեռների ճյուղավորումներից մեկի լանջին, ապրում է Հայաստանի սահմանամերձ գյուղերին բնորոշ կյանքով ու հոգսերով: 

Բնակիչներին մտահոգում է հակառակորդի անմիջական դիտակետում լինելու փաստը, օրինակ գյուղի դպրոցը ընդամենը 1.3կմ հեռավորության վրա է թշնամու դիրքերից: Բայց դե գեղանուշցիները սովորել են այդ պայմաններում ապրելուն և վստահեցնում են, որ չեն պատրաստվում լքել գյուղը:

 

Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության կողմից Գեղանուշ գյուղում կազմակերպած լրագրողական շրջայցի ժամանակ  տեղաբնակներից տիկին Լարիսա Սաֆարյանի պատմեց, որ գյուղն ունի տուրիստական պոտենցիալ` մոտակայքում կան երկու եկեղեցի` 16 և 19 դարերի, որոնցում նա արդեն 5 տարի է բացառապես կամավորական սկզբունքներով պահակություն, մաքրություն և այգեպանություն է անում: Հուզված պատմում է. «Եկեղեցիները վթարային են և ամեն վայրկյան կարող է փլուզվեն»։ Նշում է, որ եկեղեցու տանիքը գյուղի բնակիչները իրենց ջանքերով են վերակառուցել, մինչդեռ, եթե վերանորոգեն դրանք կդառնան տեսարժան վայրեր զբոսաշրջիկների համար։

Ինչպես նշեցինք գյուղի դպրոցը, որտեղ սովորում են 65 աշակերտ, գտնվում է թշնամու դիտակետերի անմիջական մոտակայքում: Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն ունի գույքի, լաբորատոր սարքավորումների և նյութերի խնդիր, սակայն մեծ հույսով սպասում է, որ կառավարությունը կօժանդակի և կհատկացնի համապատասխան սարքավորումներ և գույք։ Տնօրենը նշում է, որ դպրոցում աշխատում է 22 ուսուցիչ` հիմնականում Կապանից, սակայն թափուր է ինֆորմատիկայի մասնագետի հաստիքը։

Գյուղի երեխաների կյանքը ավելի հետաքրքրիր դարձնելու համար Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ֆինանսական աջակցությամբ, Հայկական Կարմիր Խաչը հիմնել է «Ժպիտների ակումբ» զարգացման կենտրոնը, որտեղ երեխաները այցելում են դպրոցից հետո` շաբաթական հինգ անգամ:

Հայկական Կարմիր Խաչի կամավոր Միլենա Անտոնյանը նշում է, որ կենտրոն է հաճախում 41 երեխա` 1-ից-10րդ դասարանցիներ: Ամառային սեզոնին կենտրոնում կազմակերպվում է մանկական ճամբար։ Իրականացվում է նաև «Մարդկային արժեքների խթանման» ծրագիրը, որի շրջանակներում երեխաները կսկսեն ինքնուրույն ծրագրեր գրել գյուղի խնդիրներին ինքնուրույն լուծումներ գտնելու համար։

Ինչպես մնացած սահմանամերձ գյուղերում, այնպես էլ Գեղանուշում Հայաստանում Կարմիր Խաչի Կոմիտեի պատվիրակությունը բազմազան թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ծրագրեր է իրականացնում:

Մարիա Աղաբալյան

 

 

 

 

  • Կիսվել: