Քննարկվել ու ամփոփվել են Շիրակի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, հանդիպման ժամանակ քննարկվել ու ամփոփվել են այս տարի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև միասնական սոցիալական ծառայությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով ու բարձր գնահատելով արդեն առկա գործակցությունն ու միասնական տվյալների բազայի ստեղծումը։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու նշել, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հասնել առկա հիմնախնդիրների լուծմանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» աշխատանքին, կարևորվել գործող հանձնաժողովի աշխատանքը։ Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու նոր իրականացվելիք ծրագրերը, որոնք առնչվում են տարբեր սոցիալական խմբերի զբաղվածությանը։