երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին։

Նշելով, որ Հայաստանի ու Լեհաստանի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական եւ ջերմ, Վարոս Սիմոնյանը կարեւորել է մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ հետեւողական աշխատանքը։

Վ․Սիմոնյանը դեսպանին է ներկայացրել տնտեսական առաջնահերթությունները, իր կողմից համակարգվող ոլորտները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵՏՄ համագործակցության, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով առեւտրա-տնտեսական համագործակցության ակտիվացման,  ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով վերջերս ՀՀ վարչապետի որոշմամբ  նշանակվել է նաեւ Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական  առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք կարեւորվել է երկու երկրների գործարարների համար B2B ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը եւ գործարար համաժողովների անցկացումը։ Քննարկվել են նաեւ 2020 թվականին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձեւաչափի հետ կապված հարցերը։ 

Վ․Սիմոնյանը առաջարկել է Հայաստանը նաեւ դիտարկել որպես հարթակ եվրասիական եւ իրանական շուկաներ մուտք գործելու համար։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ տրամադրված տեղեկատվության համար, դեսպանն իր հերթին նշել է, որ Լեհաստանը կարեւորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը եւ պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու եւ ակտիվացնելու ուղղությամբ։

 

 

  • Կիսվել: