ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ

Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ: Աս մասին նա ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՛՛Լուսավոր Հայաստան՛՛-ից Կարեն Սիմոնյանի հարցին, թե ամեն ամիս քանի տոկոս տնտեսական աճ պետք է ապահովի ՀՀ տնտեսությունը, որ տարին ամփոփվի երկնիշ տնտեսական աճով:

Նախարարը, մասնավորապես, ասաց. ՛՛Ես նույնիսկ ավելի հաստատակամ եմ իմ կարծիքում, որ երկնիշ տնտեսական աճը հասանելի նպատակ ու թիրախ է, որի ուղղությամբ ես և ամբողջ նախարարությունն աշխատում ենք՛՛:

Քերոբյանը հիշեցրեց, որ 2019-ը Հայաստանի տնտեսության համար ամենալավ տարին է եղել. ՛՛Հիմա մեր թիրախը 2019-ի նկատմամբ ընդամենը 2-3 տոկոս տնտեսական աճն է, որի պարագայում մենք 2020 թվականի նկատմամբ կարձանագրենք մեր երկնիշ տնտեսական աճը՛՛:

Նրա խոսքով՝ եթե մարտին լինի 7.5 տոկոս տնտեսական աճ, ապրիլին՝ 20 տոկոս՝ հիշեցնելով, որ 2020-ի ապրիլին եղել է 17.5 տոկոս տնտեսական անկում, և եթե այս տարվա հաջորդ ամիսներին 2019-ի համեմատ 2.5 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա 2020-ի նկատմամբ կգրանցվի երկնիշ տնտեսական աճ: ՛՛Մեր ունեցած ներքին ինֆորմացիան՝ բացվող բիզնեսների մասին, տարբեր ոլորտներում տեղի ունեցող ակտիվությունների վերաբերյալ, տալիս է այդ լավատեսությունը մեզ՛՛,-ասաց նախարարը:

  • Կիսվել: