ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Փոխարժեքի տատանմամբ պայմանավորված գազի սակագնի նվազեցումը ռիսկային կլինի․ Գարեգին Բաղրամյան

Փոխարժեքի տատանմամբ պայմանավորված գազի սակագնի նվազեցումը ռիսկային կլինի․ Գարեգին Բաղրամյան

«Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնային տարին էր և վերանայման գործընթաց ամեն դեպքում ձեռնարկվելու է: Փոխարժեքն ընդամենը մեկ գործոն է, որ ազդում է այդ սակագնի ձևավորման վրա, իհարկե, փոխարժեքը դրական է ազդել, բայց եկեք չմոռանանք, որ մեր սպառման շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանի խոսքով՝ փոխարժեքով պայմանավորված որոշակի դրական արդյունք կա. «Այդ դրական արդյունքը քննարկումների արդյունքում որոշում է կայացվելու ուղղել որոշակի ներդրումային ծրագրի իրականացմանը: Կառավարության նախորդ նիստում ընդունվեց որոշում, որով առաջարկվում էր Երևանի ենթակառուցվածքների գազամատակարարման համակարգի վերականգնում, դա ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով ամբողջությամբ նոր գազաբաշխիչ կայանների կառուցում և նոր խողովակաշարի կառուցում, որի արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալը կրկնապատկվելու է»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք գազի գինը կնվազի՝ Բաղրամյանը պատասխանեց. «Օգոստոսի 1-ից առաջարկում ենք պահպանել նույն մակարդակին՝ փոխարժեքի տատանման գումարներն ուղղելով այդ ենթակառուցվածքների ներդրմանը: Փոխարժեքով պայմանավորված գնի իջեցումը կարող է շատ ռիսկային լինել ամառային ամիսներին, որովհետև այդ ամիսներին գազի սպառում բնակչության մասով գրեթե չկա: Փոխարժեքի տատանմամբ պայմանավորված ինչ-որ նվազեցում անել, որը հետո աշնան կամ ձմեռային ամիսներին, եթե հանկարծ ունենանք փոխարժեոի բարձրացում, շատ ավելի վատ անդրադարձ կունենա բնակչության սակագնի վրա»:

  • Կիսվել: