երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝  զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»

Պլաստիկ թափոնները կուտակվելով՝ զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարևոր է դրանց վերամշակումը։ Վերամշակված թափոնները, նախ, վերածվում են սինտեպոնի, այնուհետև՝ կարևոր նշանակության պարագաների: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Հենց սրան է միտված ռադիոֆիզիկոս, ինժեներ, կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանի «Թափոնը զենք է» նախաձեռնությունը, որը իրականացվում է 2020 թվականի դեկտեմբերից. գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի օրերին: Պլաստիկը վերամշակում, դարձնում են սինտեպոն, որից հետո սահմանին կանգնած զինվորների համար տաք իրեր են կարում։ Ըստ Սարգսյանի՝ այսպիսով՝ երկու կարևոր խնդիր են լուծվում՝ և՛ Հայաստանն է մաքրվում պլաստիկից, և՛ զինվորներին են օգտակար լինում:

 

«Ցանկացած հարցի դեպքում պետք է երկու ոլորտի ուշադրություն դարձնել։ Մեր գլխավոր նպատակը բանակին օգնելն է։ Երբ զինվորը քողարկված է, ունի տաք ու չորի հագուստ, ավելի արդյունավետ է նրա ծառայությունը։ Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, այլ նաև՝ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։ Վերամշակված պլաստիկից ստանում ենք ներքնակներ, վրանի ջերմամեկուսիչներ և այլն։ Մեր ձեռնարկությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և այն, ինչ արտադրում ենք, անվճար տրամադրում ենք բանակին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նախաձեռնության հեղինակը:

Պլաստիկի վերամշակվումը մի քանի փուլերով է իրականացվում, առաջին փուլում այն դասակարգվում է՝ ըստ գույնի, չափի, ամրության և այլն։ Դասակարգումից հետո աղում են (ըստ պլաստիկի տեսակի՝ տարբեր աղացներ են պետք), մանրացնում, հալեցնում, որից հետո դառնում է սինտեպոն։ Մեկ ներքնակ կարելու համար 3․5 կիլո սինտեպոն է անհրաժեշտ։ Սարգսյանի խոսքով՝ սինտեպոնը խոնավություն չի պահում, ինչպես նաև պայման չի ստեղծում ոջիլների առաջացման համար։

Նախաձեռնությանն աջակցում են տարբեր դպրոցներ, անհատներ, կամավորներ, որոնք հավաքում են պլաստիկն ու հիմնական կետ հասցնում. «Եթե ֆինանսավորում լիներ, մեքենաներ ձեռք կբերեինք, հատուկ արկղեր կտեղադրեինք, բայց մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որ պետությունն աջակցություն տրամադրի մասնավոր նախաձեռնություններին: Մարդիկ ուզում են բանակին աջակցել, բայց երբեմն միջոցներ չեն ունենում պլաստիկը մեզ հասցնելու համար»:

«Թափոնը զենք է» նախաձեռնության շրջանակներում դրա անդամները այս ամիսների ընթացքում հասցրել են վերամշակել 3-4 տոննա պլաստիկ, նկատում է Սարգսյանը:

«Պլաստիկը տաքանում, հալվում, կաթում է, ու մեծ ճնշման տակ այդ կաթիլը ցրվում է, թեթև նյութ է դառնում։ Հիմա օրական ստանում ենք 80 կգ սինտեպոն։ Մեկ ներքնակը կամ վրանը պատրաստ է լինում 10-20 րոպեում։ Աղացների հարցը լուծվել է նվիրատվությամբ, իսկ անսարք աղացը մեր միջոցներով վերանորոգել և օգտագործում ենք։ Ժամում 10-15 կգ պլաստիկ ենք աղում»,- ասում է նա:

Առայժմ պլաստիկի հավաքագրման համար երեք կետ կա. մեկը Երևանում է՝ Գյուրջյան 15/2 հասցեում («Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից ոչ հեռու), մյուսը Վանաձորում է, ևս մեկ կետ էլ Մասիս քաղաքում է։ Ըստ զրուցակցի՝ նախաձեռնության բոլոր անդամները նրանք են, ովքեր ինչ-որ չափով կապ ունեն բանակի հետ և երկրի համար ինչ-որ օգտակար բան են արել, 4 աշխատակից էլ ունեն, որոնք Բերձորից (Լաչին) և Շուշիից տեղահանված բնակիչներ են։

Հայաստանում թեև ամեն օր մոտ 8 տոննա պլաստիկ է նետվում աղբամաններ, սակայն դրա հավաքագրումը բավականին դժվար գործ է, նշում է Սարգսյանը։ Պետությունը վերամշակում է դեն նետված պլաստիկի միայն 2 տոննան, իսկ մնացած 6 տոննան մնում է բնության մեջ։ Էրիկ Սարգսյանի խոսքով՝ երբ ամեն անգամ պլաստիկ նետողները հասկանան, որ զինվորի համար օգտակար բան անելու հնարավորություն ունեն, մեր երկրում աղբի քանակը կկրճատվի։

  • Կիսվել: