ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Պետք է հետևողական աշխատենք և օբյեկտիվորեն պատժենք կամ աջակցենք մասնավոր ընկերություններին. Նիկոլ Փաշինյան

Պետք է հետևողական աշխատենք և օբյեկտիվորեն պատժենք կամ աջակցենք մասնավոր ընկերություններին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշվեց գումար հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրերով նախատեսված 24 ճանապարհահատվածի և մեկ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։

Ներկայացնելով նախագիծը՝ Գնել Սանոսյանը մանրամասնեց․ «24 ճանապարհի այն հատվածը, որոնք այս տարի ավարտական տեսքի կբերվեն, 47 կմ է, որոնց մի մասը՝ միջպետական, մի մասը՝ հանրապետական, մնացածն էլ տեղական են։ Ընդհանուր գումարը 18,9 միլիարդ դրամ է, որից 18,6 միլիարդը շինարարության համար է, մնացածը՝ տեխնիկական և հեղինակային հսկողության։ Մենք եթե որևէ ճանապարհ ամբողջովին չենք ավարտել, դեռ դրա կիլոմետրը չենք հաշվում 500 կմ-ի մեջ։ Այս՝ մոտ 19 միլիարդով մենք ավելի շատ երկարությամբ ճանապարհներ ենք սկսում, որոնք կավարտենք, հաջորդ նիստերով կավելացնենք և կընդգրկենք»:

Վարչապետը թվարկեց որոշ ճանապարհային հատվածներ, որոնք պետք է այս ծրագրով վերանորոգվեն․ «2023 թվականին մեկնարկող ճանապարհներն են՝ Շիրակի մարզում Աշոցքից դեպի Բավրա հիմնանորոգման աշխատանքները, Երասխից Տիգրանաշեն ավտոճանապարհը, Գորիսից Կապան հատվածը, Մարտունիից Ծովակ ճանապարհահատվածը, Վերին Պտղնիից Ջրվեժ ճանապարհահատվածը, որը օգնում է նույնիսկ դեպի Արտաշատ գնալիս շրջանցել Երևանը, Կոտայքի մարզի Փյունիկ Արտավազդ, Գեղարքունիքի մարզի Թթու ջու ճանապարհահատվածը և այլ հատվածներ»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երբեմն խնդիրներ են առաջանում, քանի որ շինարարների կարողությունների և հմտությունների հետ է խնդիր լինում, կամ էլ՝ նախագծումների հետ, որովհետև շինարարության ընթացքում պարզվում է, որ նախագծումները սխալ են իրականցվում. «Մենք պետք է հետևողական և շարունակական աշխատենք և օբյեկտիվորեն պատժենք կամ աջակցենք մասնավոր հատվածին, ընկերություններին, մեծացնենք շինարարական ընկերությունների ծավալը»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: