չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: 

Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Նշենք, որ շահառուի հետ հետադարձ կապն արդյունավետ ապահովելու նպատակով դիմումն ուղարկելուց անմիջապես հետո դիմումատուի նույն էլեկտրոնային հասցեին ավտոմատ ուղարկվում է կարճ հաղորդագրություն՝ փաստաթղթերը հաջողությամբ ընդունվելու վերաբերյալ: Փաստաթղթերի անճշտության դեպքում ՊԵԿ աշխատակիցը կապ է հաստատում շահառուի հետ: Կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են:

Հեռահար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ն առաջարկում  է դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ՝

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը). 

2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաև փոստային ծառայության միջոցով:

  • Կիսվել: