հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպանի հետ քննարկել է Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի ընթացքը

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպանի հետ քննարկել է Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի ընթացքը

Օրերս հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
 
«Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն եմ հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։
 
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
 
Դեսպանը հատկապես ընդգծել է սահմանների համալիր կառավարման, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում։
Կարևորել եմ ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAIEX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը հարկային և մաքսային բարեփոխումների ոլորտներում։
 
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծել ենք ընթացող լայնածավալ մաքսային բարեփոխումների կարևորությունը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունն այս ուղղությամբ արդյունավետ աշխատելու և համագործակցելու հարցում»,- գրել է ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: