հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փարսյանը Էլեն Ասատրյանի հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո համայնքի խնդիրներին

Փարսյանը Էլեն Ասատրյանի հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո համայնքի խնդիրներին

Դեկտեմբերի 28-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին: Այցի գլխավոր նպատակը քույր քաղաքներ՝ Կապանի և Գլենդելի միջև համագործակցության վերականգնումն ու խորացնումն էր:

Ողջունելով հյուրին Կապանում՝ համայնքի ղեկավարը նախ նշել է, որ քույր քաղաքների բարեկամությունը տարիների պատմություն ունի, և այն ամրագրվել է դեռևս 2002 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված հուշագրով, որին հաջորդել են երկու քաղաքների ղեկավարների մի շարք հանդիպումներ, պատվիրակությունների փոխայցելություններ և իրականացված բազմաթիվ ծրագրեր:

Գևորգ Փարսյանը բարձր է գնահատել տևական դադարից հետո երկկողմ հարաբերությունների վերսկսմանն ուղղված ջանքերը, ներկայացրել համայնքի տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները, առկա խնդիրներն ու կարիքները: Համայնքի ղեկավարը անդրադարձ է կատարել նաև պատերազմից հետո համայնքի առջև ծառացած մարտահրավերներին, կենսական բնույթի խնդիրներին, ինչպես նաև Արցախի շրջափակմանը, և այս համատեքստում կարևորել Սփյուռքի ներուժի օգտագործումը՝ միջազգային հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ փոխանցելու հարցում:

էլեն Ասատրյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով երկու քաղաքների միջև առկա հարաբերությունները թղթի վրայից գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ այցի բուն նպատակը, տեղում իրավիճակին ծանոթանալը և կարիքները գնահատելն է և, ըստ այդմ, առարկայական գործողությունների հստակ օրակարգ կազմելը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կապը և մշակել հստակ ծրագրերի օրակարգ՝ առաջիկայում իրագործելու նպատակով: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Կապան կատարած այցի շրջանակներում, Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, Էլեն Աստարյանը եղել է նաև Բաղաբուրջի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Ճանաչողական այցելություններ են եղել Շմավոն Մովսիսյանի անվան պատմության և Արվեստի թանգարաններ, թիվ 3 միջնակարգ դպրոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց և Վահանավանք վանական համալիր։

 

Գլենդելի խորհրդային անդամը հնարավորություն է ունեցել նաև հանդիպելու և զրուցելու համայնքի կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներին՝ քննարկել ոլորտում առկա խնդիրները, համագործակցության հնարավոր եզրերը, ուղիներն ու հեռանկարները։

Օրվա ավարտին՝ հատուկ հյուրի համար, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրմատիկական թատրոնում կազմակերպվել էր «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը։

  • Կիսվել: