հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պահածոյացման տարաների կափարիչների արտադրության համար լաքերի և ներկերի ներմուծումը ազատվեց մաքսատուրքից

Պահածոյացման տարաների կափարիչների արտադրության համար լաքերի և ներկերի ներմուծումը ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ՀՀ տարածք ներմուծվող սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար նախատեսված լաքերի և ներկերի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառեց եւ հաստատեց ներմուծման ընթացակարգը:

Նախագծով առաջարկվում է Հայաստանին 2024-ի համար հատկացված լաքերի և ներկերի, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար, 500 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 24-ի ԵՏՀ Խորհրդի որոշմամբ Հայաստանի համար սահմանվել է սակագնային քվոտա լաքերի և ներկերի, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար։

Սակագնային քվոտայի ծավալը կազմում է 500 տոննա, և արտոնությունը գործում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 դեկտեմբերի 31-ը։

Որոշման մեջ նախատեսվում է ապրանքը ներմուծելու ժամանակ ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։

  • Կիսվել: