կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Որպես աշխատանքի նորմալ պայմանների ապահովում՝ առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ տրամադրելը

Որպես աշխատանքի նորմալ պայմանների ապահովում՝ առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ տրամադրելը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Քննարկվող նախագծով առաջարկում եմ հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանել, որ աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը կարող է դիմել գործատուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:

Որպես աշխատանքի նորմալ պայմանների ապահովում՝ սահմանել նաև խելամիտ հարմարեցումներ տրամադրելը, կազմակերպությունների պարտավորություններում ամրագրել աշխատողների տեղահանման պլանի առկայություն՝ կազմված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա»,- ասաց Բաթոյանը:

Խելամիտ հարմարեցումն անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների կատարումն է, որը չի առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն:

  • Կիսվել: