հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նպատակ կա ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներն առաջիկա տարիներին իրականացնել գնացքներով. Միշուստին

Նպատակ կա ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներն առաջիկա տարիներին իրականացնել գնացքներով. Միշուստին

Նպատակ կա ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներն առաջիկա տարիներին իրականացնել գնացքներով։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտնեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սկզբում երկաթուղային բեռնափոխադրումները կիրականացվեն միության տարածքով, ապա նաև դեպի երրորդ երկրներ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Չինաստանի հետ բեռնափոխադրումներին։ Այս տարվա փետրվարին ստորագրված ճանապարհային քարտեզով ամրագրվել է Չինաստանի ու ԵԱՏՄ երկրների համագործակցությունը՛՛։

Միշուստինի խոսքով՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ողջ երկայնքով պետք է հնարավորինս պարզեցնել ապրանքների տեղաշարժը։ Աշխարհաքաղաքական առկա պայմաններում, ըստ նրա, անհրաժեշտ է վերակողմնորոշվել դեպի առևտրային հոսքերի հեռանկարային ուղղություններ, ստեղծել միջազգային նոր տրանսպորտային միջանցքներ։ Դրանցից մեկը, ըստ ՌԴ վարչապետի, դեպի Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս և Աֆրիկայի երկրներ մուտքերն են։

՛՛Այս միջանցքով երթևեկելիս ծախսերը նվազեցնելու համար անհրաժեշտ է թվայնացնել ապրանքների փոխադրման և բեռների մաքսային ձևակերպումների նկատմամբ վերահսկողությունը՛՛,-նշեց Միշուստինը՝ հիշեցնելով, որ ապրիլին ուժի մեջ է մտել բեռնափոխադրումների բեռնարկղերում էլեկտրոնային նավիգացիոն կնիքների օգտագործման մասին համաձայնագիրը։

Նշենք, որ Սոչիում հունիսի 7-8-ը տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ 

  • Կիսվել: