Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի. հարց ՆԳ նախարարին
Դրա վերաբերյալ ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է. մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, այս ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենում, և դժվար լսելի է եղել ոստիկանի համար, թե ինչի մասին է խոսքը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, COP-17-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին և նրան, որ ոստիկանությունն ավելի ուշ է հասել դեպքի վայր, քան երեխաների մայրը՝ Անի Ավետիսյանը Սիսիանից։
«Գտնելով հանգստի մեջ, ոստիկանին հարիր պահվածքով, այդուհանդերձ դուրս է եկել բնակության վայրից, չանցած 10 րոպե հասել է դեպքի վայր, արդեն դեպքը բնականաբար տեղի ունեցած է եղել։ Ոստիկանը ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տուժողի որդին ոստիկանի ներկայությամբ և ուղղորդմամբ նաև զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այդ պայմաններում բնական է, որ ունենք ստանդարտ կարգ, երբ որ 10 րոպեում պիտի ապահովենք մեկնումը օպերատիվ խմբի, բայց այս դեպքում 10 րոպեում արդեն օպերատիվ խումբը տեղում է եղել։ Այսինքն այս տեսանկյունից առավել քան արագ են գործել ծառայողները։
Այն միտքը, որ որ ոստիկանները ավելի ուշ են հասել և այլն, մենք մեր պարզաբանմամբ ամբողջովին փարատել ենք, որովհետև այլ կարծիք ուղղակի լինել չի կարող»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Անի Ավետիսյանն ավելի շուտ է հասել դեպքի վայր, քան ոստիկանությունը, նախարարն ասաց, որ ոստիկանի տեղակայվածությունը եղել է շատ ավելի հեռավոր տարածության մեջ, քան տուժող անձինը։
Հարցին՝ եթե իշխանությունները գիտեին, որ հնարավոր է, ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, ինչու իրավապահները ծառայություն չեն իրականացրել գյուղերում, Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Այդ մասով վարչապետն էլ ավելի մանրամասն անդրադարձել է, բոլոր ծառայությունները իրականացրել են իրենց աշխատանքը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։



