շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր ծրագիր՝ Հայաստանի արտահանման այլընտրանքային տրանսպորտային ուղիների վերաբերյալ

Նոր ծրագիր՝ Հայաստանի արտահանման այլընտրանքային տրանսպորտային ուղիների վերաբերյալ

Հունիսի 16-ին տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ուղիների ներուժի բացահայտում և արտահանման խթանմանն աջակցության մեխանիզմների մշակում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Հայաստանի ներդրումային խորհրդից հայտնում են, որ Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Ծրագիրը միտված է Հայաստանի արտահանման տրանսպորտային ուղիների գնահատմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։ Ծրագրի իրականացումը ներառում էր մի քանի փուլ՝ արտահանման ուղիների ուսումնասիրություն, արտահանման ներուժ ունեցող արտադրանքների բացահայտում, այլընտրանքային տրանսպորտային ուղիների գնահատում, աջակցության մեխանիզմների ներկայացում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով նշեց. «Այն հետազոտական աշխատանքը, որը արվել է փորձագիտական խմբի, խորհրդատուների և Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից ՎԶԵԲ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ բավականին խորքային ազդեցություն կարող է ունենալ մեր արտահանման խթանման ծրագրերի, ռազմավարության, մոտեցումների վրա: Այս հետազոտությունը և մի քանի այլ հետազոտություններ, որոնք իրականացվում են այլ փորձագիտական խմբերի կողմից ուղղված են կայուն զարգացմանն ուղղված արտաքին քաղաքականության մշակմանը և առաջիկայում մենք նախատեսում ենք ունենալ արտահանման ավելի համապարփակ ռազմավարություն:

Ռազմավարության հիմնական թիրախները լինելու են երեքը՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ապրանքային զամբյուղի բազմազանությունը և ընդհանուր զամբյուղի բարդության մակարդակի ավելացումը, ինչը թույլ կտա մեր ապրանքներին և ծառայություններին ավելի մրցունակ դառնալ միջազգային շուկաներում»:

Հայաստանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր Հավատարմատար Փոլ Մորիսը ասաց. «Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցություն ցուցաբերել այս ծրագրին իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով: Էկոնոմիկայի նախարարությանը խորհրդատվական աջակցությունը նպատակ ունի տեղեկատվություն տրամադրել և օգնել մշակել փաստերի վրա հիմնված, լոգիստիկ երթուղիների բարելավմանը նպաստող, միջազգային առևտրի հուսալիությունը և կապակցվածությունն ապահովող, ինչպես նաև` միջազգային առևտրի բարձր ներուժի բացահայտմանը նպաստող արդյունավետ քաղաքականություն»: 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ավագ բանկիր Աննա Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Միջազգային առևտուրը զգալիորեն աճել է վերջին տասնամյակների ընթացքում հեռահաղորդակցության և լոգիստիկայի ոլորտում բարեփոխումների և նորարարությունների շնորհիվ: Դա հանգեցրել է մատակարարման համաշխարհային շղթաների խորացմանը, որոնք բնութագրվում են աշխարհագրորեն մասնատված արտադրության և մատակարարման գործընթացներով: ՎԶԵԲ-ի տարածաշրջանները շահել են այս զարգացումներից, ավելացնելով և դիվերսիֆիկացնելով արտահանումը: Այս ծրագիրը կարևոր է մի քանի տեսանկյունից, քանի որ ապահովում է Հայաստանի Հանրապետության համար նշանակալի ձեռքբերումներ, այդ թվում` տնտնեսական աճ, դիվերսիֆիկացիա, նոր շուկաների հասանելիություն և մրցունակության բարձրացում: Ի լրումն, Հայաստանի արտահանման ներուժի բացահայտումը կօգնի տեղական տնտեսվարողներին մուտք գործել նոր շուկաներ և կապեր հաստատել նոր գործընկերների հետ, ինչն իր հերթին կնպաստի այդ կազմակերպությունների վաճառքի և շրջանառության ծավալների բարձրացմանը»:

Ծրագրի փորձագիտական թիմը ներկայացրեց Հայաստանի լոգիստիկ երթուղիների վերլուծությունը, հնչեցրեց բեռների արտահանման նոր երթուղիների ստեղծման, ինչպես նաև արտահանմանն աջակցող նոր մեխանիզմների ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկությունները և ներկայացրեց արտահանման վրա այդ առաջարկությունների յուրաքանչյուրի ազդեցության գնահատականը:

Ծրագրի շրջանակներում մանրամասն նկարագրություն է տրվել բոլոր առկա (օդային, երկաթուղային, բեռնատար, ծովային) երթուղիներին, ներկայացվել է այդ երթուղիների առավել արդյունավետ օգտագործման և նոր երթուղիներիով արտահանման իրականացման առաջակություններ։ Հայաստանի համար ներկայումս գործում են մեկ տեսակի և մուլտիմոդալ լոգիստիկ երթուղիներ, օրինակ՝ բեռնատարով Վրաստան-Լարսով դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ երկրներ, կամ բեռնատարով Վրաստան-Փոթի/Բաթում և նավերով դեպի ԵՄ/Ռուսաստան/աշխարհ: Այնուամենայնիվ, այս երթուղիներն ունեն որոշակի թերություններ, ինչպիսիք են օրինակ անկանխատեսելիությունը/անորոշությունը ձմռան եղանակային պայմանների, սեզոնային ծանրաբեռնվածության մակարդակը, անորոշությունը բարձր ծախսերի և մաքսային ընթացակարգերի պատճառով։

Ծրագրի շրջանակներում քարտեզագրվել է նաև Հայաստանում արտադրված արտահանման մեծ ներուժ ունեցող ապրանքները, որոնց արտահանումը դեռևս լիովին իրացված չէ՝ նպատակային շուկաներ հասցնելու տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով: Շեշտը դրվել է ՓՄՁ ոլորտի արտադրողների կողմից արտադրվող ապրանքների արտահանման ներուժի վրա:

Փորձագիտական թիմը ներկայացրեց նաև Հայաստանից արտահանման վրա ներկայացված առաջարկությունների ազդեցության գնահատականը՝ ըստ արտահանման ներուժ ունեցող ապրանքների խմբերի։ Ազդեցության գնահատման ժամանակ դիտարկվել են մի շարք գործակիցներ, ինչպես օրինակ տրանսպորտային ծախսերը, գործընկեր երկրի համախառն ներքին արդյունքի մեծությունը, հուսալիությունը և այլն։ Օրինակ, ըստ գնահատականների, տրանսպորտային ծախսերի 1% նվազումը կարող է հանգեցնել արտահանման ծավալների մինչև 1,738% աճի՝ արտահանման ներուժ ունեցող բացահայտված ապրանքային խմբերի համար։ Հետևաբար, դեպի Փոթի կամ Բաթումի կանոնավոր կոնտեյներներով երկաթուղային փոխադրումների կազմակերպման և պետական աջակցության պարագայում արտահանման ծախսերի 5% նվազեցումը կարող է հանգեցնել արտահանման մինչև 8,69% աճի՝ ընտրված ապրանքային խմբերի համար։

Միջոցառման ընթացքում ծավալվեց նաև քննարկում մասնակիցների և փորձագիտական թիմի միջև, որոնք արդյունքներն իրենց արտացոլումը կստանան ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վերջնական զեկույցներում։

Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

  • Կիսվել: