չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախարարը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները

Նախարարը ներկայացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի թվով երկրորդ նիստը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 
 
«Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ իմ հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ:
 
Նիստի ընթացքում հաստատվեց հասարակական խորհրդի աշխատակարգը, խորհրդի կազմում առանձին ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը, ընտրվեցին դրանք համակարգողներ։
 
Քննարկեցինք նախորդ նիստից հետո կատարած աշխատանքն ու գույքագրած խնդիրները։
 
«Ընդերք» աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վիկտորիա Բուռնազյանը հանդես է եկել «Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները՝ հիմնված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի արդյունքների վրա» զեկույցով։
Զեկույցից հետո խնդրեցի պաշտոնական նամակով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ուսումնասիրության արդյունքները և ողջ փաստական տվյալները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով։
 
Նիստի օրակարգային հարցերից զատ, խորհրդի անդամների հետ անդրադարձանք բնապահպանական խնդիրների լայն շրջանակի` ոլորտի օրենսդրական բարեփոխումներից մինչև հանքարդյունաբերություն։ Անդրադարձ է կատարվել նաև Ամուլսարի խնդրին։
 
Խորհրդի անդամներին ներկայացրեցի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման և ՇՄԱԳ գործընթացում փոփոխությունների ընթացիկ փուլի մասին տվյալներ։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախքան օրենքը շահագրգիռ բոլոր կողմերի և հանրային լայն քննարկումների ներկայացնելը, խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և խորհրդատվական քննարկում անցկացնել։
 
Ցանկանում եմ իմ շնորհակալությունն հայտնել խորհրդի անդամներին և փաստել, որ նիստերի ընթացքում ծավալված առողջ բանավեճերը, բնապահպանական թեմաների լայն ընդգրկումով քննարկումները հույս են ներշնչում, որ այս կառույցն իրոք ծառայելու է իր ձևավորման հիմքում ընկած նպատակին»,- գրել է նախարարը։

 

  • Կիսվել: