ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նախարար Քերոբյանը շնորհակալագիր է հանձնել գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արկադի Ահարոնյանին

Նախարար Քերոբյանը շնորհակալագիր է հանձնել գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արկադի Ահարոնյանին

Գյուղատնտեսության ոլորտում ունեցած զգալի ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքի և ծննդյան 90-ամյա հոբելյանի կապակցությամբ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արկադի Ահարոնյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շնորհակալագրով։

Շնորհակալագիրը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Տիգրան Գաբրիելյանը, ովքեր համակարգում են գյուղատնեսության ոլորտի աշխատանքները, նախարարության այլ աշխատակիցներ։

Նախարարը բարձր է գնահատել Ա․ Ահարոնյանի կատարած աշխատանքը, նշել, որ իր համար մեծ պատիվ է 90-ամյա ակադեմիկոսին հանդիպելը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի գիտության, հատկապես գյուղատնտեսության զարգացմանը։

Ա․Ահարոնյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով խրախուսանքի համար, նշել է, որ իր կյանքում շատ մարդկանց է հանդիպել, բայց երբեք առիթ չի ունեցել այդքան մոտ լինելու որևէ նախարարի։

ՀԳԳԱ թղթակից անդամ, Միջազգային տեղեկատվական, Միջազգային էկոլոգիայի ակադեմիաների իսկական անդամ, Արկադի Ահարոնյանը աշխատանքային գործունեության երկար տարիների ընթացքում իր գիտական փորձն ու գիտելիքներն ծառայեցրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և այսօր էլ շարունակում է իր աշխատանքը։

 

  • Կիսվել: