ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը. ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասին

Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը. ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ դոլարի փոխարժեքի նվազումն իր ազդեցությունը կարող է ունենալ քաղաքացիների համար սահմանված էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը:

Անդրադառնալով հարցին, թե դոլարի փոխարժեքի նվազումն ինչո՞ւ ազդեցություն չի ունենում սակագների նվազեցման վրա՝ Բաղրամյանն ասաց, որ ջրի մասով փոխարժեքը որևէ ազդեցություն չունի, քանի որ 2016 թվականի վարձակալության պայմանագրի բանաձևում փոխարժեքային ճշգրտում ընդհանրապես ներառված չէ:

Իսկ էներգետիկայի ոլորտում հանձնաժողովն ինքն է իր նախաձեռնությամբ է սկսում սակագների վերանայում: «Եվ յուրաքանչյուր տարի՝ անկախ նրանից, թե վերջնական սպառողի համար գնի փոփոխություն լինելու է, թե ոչ, մենք բոլոր արտադրողների և ՀԷՑ-ին վաճառվող գնի փոփոխություն ենք անում, քանի որ առնվազն կառուցվածքի փոփոխություն է տեղի ունենում: Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը»,-ասաց նա:

Թե դա ինչքան ու ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողների վրա, հանձնաժողովի նախագահը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:

  • Կիսվել: