շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մի քանի փուլով ցանկանում ենք խթանել թվային փոխակերպումը. Վահան Քերոբյան

Մի քանի փուլով ցանկանում ենք խթանել թվային փոխակերպումը. Վահան Քերոբյան

Մենք մի քանի փուլով ցանկանում ենք խթանել թվային փոխապերպումը Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում ընթացող «ԴիջիԹեք-2022» համաժողովում՝ իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նա ընդգծեց, որ առաջին փուլով ընկերություններին հնարավորություն կտան հասկանալ, թե իրենց ընկերություններին ինչ կարող է տալ թվային փոխակերպումը, հաջորդ փուլը վերաբերում է ընկերությունների ինովացիոն ներդրումային ծախսերի սուբսիդավորմանը՝ դրանով նպաստելով նորարարությունների ներդրմանը ընկերություններում: 

Վահան Քերոբյանի խոսքով՝ շատ կարեւոր է հայտնի ընկերությունների մուտքը Հայաստան, որի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականացնում:

Նախարարը նաեւ հայտարարեց, որ ինովացիաները եւ դրանց ներդումը տնտեսության մեջ իրենց հետ բերելու են ոչ միայն արդյունավետության բարձրացում, ինչը գործող կառավարության առաջնահերթություններից է տնտեսության բոլոր ոլորտներում, այլեւ թափանցիկություն, հաշվետվողականություն, նաեւ նպաստելու են օրենքի իշխանության հաստատմանը, ազատություններին: 

Վահան Քերոբյանը շեշտեց, որ կառավարությունը շեշտը դնում է տնտեսության արդիականացման, սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների նորացման, ինստիտուտների արդականացման վրա: Բացի այդ, կառավարությունը բարձր որակավորում ունեցող մասնագետներին սուբսիդավորելու ծրագիր է իրականացնում: 

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ 

Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը,  Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլոք։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։

Ավելի քան 800 մասնակից գրանցվել է համաժողովին:

Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուհագեռ՝ կան նաև լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։ «ԴիջիԹեքն» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա  մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

Ապա տեղի կունենա «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը՝ «ԴիջիԹեք-2022» համաժողովի շրջանակներում։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափերի, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։ Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Հիշեցնենք նաև, որ «ԴիջիԹեք 2022» համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ Միջոցառման վերաբերյալ մանրամասների համար կարող եք այցելել պաշտոնական կայք:

  • Կիսվել: