հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մետավերս, նորարարություններ և մեդիայի ապագա. Աբու Դաբիում մեկնարկեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը

Մետավերս, նորարարություններ և մեդիայի ապագա. Աբու Դաբիում մեկնարկեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը

 Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում նոյեմբերի 15-ին աշխատանքները սկսեց Համաշխարհային մեդիա կոնգրեսը (Global Media Congress)։ Եռօրյա կոնգրեսն անց է կացվում առաջին անգամ։

Կոնգրեսի բացումը տրվեց ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնի խոսքով, ով ընդգծեց, թե երկրի ղեկավարությունն ինչքան մեծ տեղ է հատկացնում մեդիայի աշխատանքին ու ոլորտի զարգացմանը։

«Մենք ցանկանում ենք, որ մեդիա կոնգրեսը դառնա ամենամյա, համաշխարհային հարթակ՝ փորձի և տեսակետների փոխանակման, ինչպես նաև համագործակցության բարելավման ու գիտելիքներով կիսվելու համար։ Իմ խնդրանքն է մեդիայի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բերելու ձեր փորձառությունն ու գաղափարները՝ գտնելու լավագույն լուծումներն այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է աշխարհը»,- ասված էր  շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի խոսքում, որը ներկաներին փոխանցեց WAM լրատվական գործակալության տնօրեն, կոնգրեսի կազմակերպչական հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոհամեդ ալ Ռայիսին։

Վերջինս բացման արարողության ժամանակ մետավերսի վիրտուալ միջավայրում հարցազրույց տվեց վիրտուալ հարցազրուցավարին՝ խոսելով ոլորտում նորարարությունների կիրառման ու դրա հեռանկարների վերաբերյալ։

«Մենք կարծում ենք՝ հիանալի կլինի, եթե բոլորս միասին փորձենք մեդիա ոլորտի համար գտնել ոչ սովորական, նորարարական լուծումներ՝ կենտրոնանալով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների վրա։ Այս ամենը շահեկան կլինի ոլորտին նոր ձև հաղորդելու տեսանկյունից։ Հենց այս գաղափարն է ընկած Համաշխարհային մեդիա կոնգրեսը կազմակերպելու որոշման հիմքում»,- նշեց Մոհամեդ ալ Ռայիսին։

Նա նկատեց, որ այսուհետ կոնգրեսն ամեն տարի մեկ հարկի տակ կհավաքի ոլորտին վերաբերող նոր գաղափարներն ու զարգացումները, կդառնա հետաքրքիր վայր, որտեղ մարդիկ ողջ աշխարհից կփոխանակվեն գաղափարներով ու կառաջարկեն նոր լուծումներ։

 

  • Կիսվել: