երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ՍԻԼ»-ի շենքի տեղում սկզբնապես 4 մետրանոց մի պատ էր, տասնյակ միլիոններ ներդրեցինք դրա վրա, ուրախ եմ՝ թող ստուգեն, պարզեն` ինչ օրենք է խախտվել․ Խաչատուր Սուքիասյան

«ՍԻԼ»-ի շենքի տեղում սկզբնապես 4 մետրանոց մի պատ էր, տասնյակ միլիոններ ներդրեցինք դրա վրա, ուրախ եմ՝ թող ստուգեն, պարզեն` ինչ օրենք է խախտվել․ Խաչատուր Սուքիասյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու՝ Գլխավոր դատախազության պահանջին։

«Ես շատ ուրախ եմ, եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան՝ ինչ է կատարվել և օրենքը պետք է պաշտպանվի»,- ասց Սուքիասյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի այն, որ տարածքը «ջրի գնով է վաճառվել», Սուիաքսյանը ասաց․

«Ո՞վ է ասել՝ «ջրի գնով», գույքը այսպես է ձեռք բերվել․ մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարեր, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք, մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։

Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու և եղան այդ խնդիրները՝ 4 բնակարան ասացին, ձեռք բերեցինք 5-ը և այլն»։

Սուքիասյանը նշեց, որ դժվար է այն շենք անվանելը, քանի որ ի սկզբանե գնել է 4 մետրանոց պատ։

«Եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո այն բարձրացվել է, բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչաչանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին։  Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չի արդարացրել իրեն։ Շատ ուրախ եմ, թող պատկան մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն,  հասկանան։ Ես գիտեմ մեր համակարգը ինչպիսին է, ես պատասխան եմ տալիս իմ բոլոր գործողությունների համար։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն, շփոթմունք եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա մեր ընտանիքում ի սկզբանե դրված է եղել։  «Սիլ» պլազան կառուցվել է մի քանի տարի, տասնյակ միլիոններ են ծախսվել դրա վրա, հիմա մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում 5000 դոլարով է վաճառվել, դա ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5  բնակարան, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ» պլազան»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Հարցին՝ մինչև Դատախազության գործողությունները այս հարցով քննարկում ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, Սուքիասյանը ասաց․

«Բացառված է ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ, ես ինձ թույլ չեմ տա»։

Հարցին՝ ինչու վաճառված տարածքը, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, չի ծառայել իր հիմնական նպատակին, Սուքիասյանը ասաց, որ դա պայմանավորված է շուկայական հարաբերություններով, այն եկամտաբեր չէր լինելու։  

«Դա նշանակում է, որ մինչև անգամ, եթե ուզենայինք այդտեղ ուղղակի անվտանգություն ապահովել՝ չէինք կարող այդտեղի բերված գումարներով: Շուկայականով անհնար է, հիմա ով էր գալու այդքան գումար դներ՝ եկամուտ չէր լինի: Ընդհանրապես, նման շենքերը շատ դեպքերում կառուցվում են որպես կապիտալ»,- ասաց նա:

Արդյոք Սուքիասյանը պատրաստ է այժմ այդ շենքը տալ պետությանը, նշեց, որ «եթե որևէ, թեկուզ 1000 դոլարի խախտում արած լինենք»՝ լավ: Լրագրողի դիտարկմանը՝ եթե արած չլինեք, Սուքիասյանը հակադարձեց՝ «եթե խախտում արած չլինենք՝ դուք ձեր տունը ինչի՞ չեք տալիս պետությանը՝ դե՛ տվեք»:

  • Կիսվել: