շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մաթևոսյանը ներկա է եղել ՎԶԵԲ-ի աջակցությամբ գործող՝ Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը

Մաթևոսյանը ներկա է եղել ՎԶԵԲ-ի աջակցությամբ գործող՝ Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է եղել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Ներդրումային խորհրդի ձևաչափը՝ որպես քաղաքականությունների մշակման գործընթացում մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։

Անդրադառնալով 2012 թվականից գործող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի՝ որպես ինստիտուցիոնալ միավորի դերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Խորհուրդը, գործարար համայնքի հետ բաց և կանոնավոր երկխոսություն ապահովելուն զուգահեռ, իր տեխնիկական և խորհրդատվական աջակցությամբ ակտիվ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված շուրջ երկու տասնյակը գերազանցող օրենսդրական բարեփոխումների մշակման գործում։

Ընդգծելով մասնավոր հատվածի զարգացումը խոչընդոտող խնդիրներին ուղղված լուծումները համատեղ մշակելու անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու այս ուղղությամբ ակտիվ համագործակցությունը։

  • Կիսվել: