երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիտվայի կառավարությունը ՀՀ ՏԿԵ նախարարության հետ իրականացնում է տեխնիկական աջակցության ծրագիր

Լիտվայի կառավարությունը ՀՀ ՏԿԵ նախարարության հետ իրականացնում է տեխնիկական աջակցության ծրագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների կատարմանը աջակցելու նպատակով Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Լիտվայի Տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում են տեխնիկական աջակցության ծրագիր։

Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելուն աջակցելն է, որի շրջանակներում 2023թ. մայիսի 17-19-ը Լիտվայի տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիայի ներկայացուցիչները հանդիպումներ են կազմակերպել ՏԿԵ նախարարության, ՔԱԿ-ի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։

Լիտվացի գործընկերներին ողջունել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ նշելով, որ հայ-լիտվական համագործակցությունը հնարավորություն է ընձեռում տրանսպորտի ոլորտում Լիտվիայի հաջողված փորձը կիրառել Հայաստանում, ՀՀ օրենսդրությունը հնարավորինս ներդաշնակեցնել ԵՄ օրենսդրությանը, ունենալ առավել անվտանգ, զարգացած և արդի տրանսպորտ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տրանսպորտի առանձին տեսակներով գործունեության կազմակերպման ու վերահսկողության օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցեր, երկու երկրներում օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի առանձնահատկությունները, առկա խնդիրները, բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունները և հնարավորությունները։

Լիտվացի գործընկերների կողմից ներկայացվել են Լիտվայի փորձը տրանսպորտի ոլորտում առկա օրենսդրական կարգավորումների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Լիտվական պատվիրակությունն այցելել է Արմավիրի մարզում տեղակայված անշարժ կշեռքով բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կետը, որտեղ ծանոթացել են Տեսչական մարմնի կողմից իրականացվող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների հայտնաբերման նպատակով իրականացվող կշռման վերահսկողական գործառույթներին։

Հանդիպումն անցել է արդյունավետ աշխատանքային մթնոլորտում։ Նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության շարունակականություն։

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: