երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ծավալով ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ծավալով ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ

Մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:

Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022թ. հունվարի 11-ին ժամը 16:00-ին՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ հասցեում:

Փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին հնարավոր է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 17-18-ն ընկած ժամանակահտվածում՝ դիմելով Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:

Հիշեցնենք, որ 2021թ. ընկերությունը կրկին դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ նույն ծավալով ջրօգտագործման թույտվություն ստանալու ակնկալիքով, սակայն այդ հայտը մերժվել էր: 

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2020թ. ստացել էր Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն: Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել էր Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել էր նախարարության մերժումը։ Ընկերությունը 2019 թ-ի հոկտեմբերին մերժում էր ստացել երկարաժամկետ գործունեության համար նաև Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի ՋԹ ստանալու համար:
 
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործով վարույթը կարճվել է: Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ:

  • Կիսվել: