չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատումը շարունակվում է. այս պահին առանց խնամակալության և որդեգրման ենթակա երեխաներ չկան

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատումը շարունակվում է. այս պահին առանց խնամակալության և որդեգրման ենթակա երեխաներ չկան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից  շուրջ 29․000-ը երեխաներ են, որոնց համալիր կարիքների գնահատումը շարունակվում է, իսկ այս պահին առանց խնամակալության և որդեգրման ենթակա երեխաներ դեռևս չկան:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ձեռք են բերում գնահատման արդյունքում՝ առանց ծնողական խնամքի երեխա կարգավիճակ ստանալուց հետո, այն դեպքում, երբ որդեգրման երեխա հաշվառվելու իրավական հիմքերն առկա են, իսկ այս պահին այդպիսի գրանցումներ նախարարությունը դեռևս չունի:

Նա նշեց, որ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշպանության գիշերօթիկ հաստատության տասը սաները նույնպես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն և այս պահին նրանց  խնամքը պատշաճ կերպով իրականացվում է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում:

«Այստեղ էլ պետք է ընդգծել, որ խնամքի կենտրոնում լինելը դեռևս հիմք չէ  որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ունենալու համար, բայց այս պահին նրանց  բոլորի  կարգավիճակների  հստակեցման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է»,-ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, ապա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում հարյուրավոր մարդկանց կյանք խլած պայթյունի պատճառով կան երկկողմանի ծնողներից զրկված երեխաներ, որոնց  որդեգրելու բազմաթիվ հայտեր կան  և՛ նախարարությունում, և՛ սոցիալական ցանցերում:

«Այս պահին, ցավոք, կան երեխաներ, որոնք զրկվել են երկու ծնողներից, բայց մեր ունեցած գնահատման արդյունքներով այդ երեխաներն այս պահին ունեն խնամակալներ և գտնվում են հարազատների մոտ:

 Իհարկե, առաջնային օգնությունը, որ մենք իրենց տրամադրում ենք՝ սոցիալ-հոգեբանական օգնությունն է այդ երեխաներին և այն խնամողներին, որոնք այս պահին նրանց կողքին են: Նաև չեմ բացառում, որ նրանց  թվում  լինեն երեխաներ, ովքեր այս ընթացքում՝ գնահատման արդյունքում, կունենան որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ. այս պահին նման հիմքեր առկա չեն»,-ընդգծեց նախարարության ներկայացուցիչը:

  • Կիսվել: