կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կրթության ոլորտում կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, սպորտի ոլորտում` 210,8-ով․ ԿԳՄՍ նախարար

Կրթության ոլորտում կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, սպորտի ոլորտում` 210,8-ով․ ԿԳՄՍ նախարար

Մայիսի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետության համապատասխան մասի եկամուտներն ու ծախսերը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը եւ Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ 2022 թվականին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր` 205 միջոցառումով: Նախապես պլանավորված է եղել իրականացնել 179 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 226 մլրդ 801 մլն դրամ, սկզբնապես պլանավորված բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 202 մլրդ 606 մլն դրամ: Տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, փոփոխություններ: Ճշտված բյուջեն կազմել է 208 մլրդ 146 մլն դրամ: Ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97,3 տոկոս: Նախորդ տարվա համեմատ ոլորտում բյուջետային ծախսերն աճել են 15,9 տոկոսով կամ շուրջ 27 մլրդ 796 մլն դրամով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փոխնախարարից հետաքրքրվել է, թե սկզբնապես պլանավորվածի համեմատ քանի տոկոս է եղել կատարողականը: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է նաեւ դպրոցաշինության կատարողականով:

«Քանի՞ տոկոսով են կատարվել կապիտալ ծախսերը` պլանավորվածի համեմատ, ոչ թե ճշտվածի, եւ քանի՞ տոկոս են կազմել ընթացիկ ծախսերը` պլանավորվածի համեմատ, ոչ թե ճշտվածի»,- հարցրել է պատգամավորը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ կատարողականը սկզբնապես պլանավորվածի համեմատ կազմել է 89,3 տոկոս:

«Եթե կապիտալ ծախսերի մասով առանձնացնենք «Ապահով դպրոց» ծրագիրը, որտեղ կապիտալ շինարարության հիմնական ծախսերն են, թեեւ առանձին ծախսային մասեր կան այլ միջոցառումների մեջ, «Ապահով դպրոց» ծրագրի կատարողականը կազմել է 10,5 մլրդ դրամ: Սկզբնականի համեմատ կատարողականը կազմել է 67,4 տոկոս»,- ասել է նա: Արձագանքելով` Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է ընթացիկ ծախսերի կատարողականով, ինչին ի պատասխան էլ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ ծախսերի կատարողականը կազմել է 97,3 տոկոս:

«Ինչպիսի՞ն է նախարարության դիրքորոշումը, երբ կապիտալ ծախսերն արվում են 67 տոկոսով, իսկ ընթացիկ ծախսերը` 97 տոկոսով»,- հարցրել է պատգամավորը` ընթացիկ ծախսերի կատարման մասով նկատի ունենալով աշխատավարձերի, պարգեւավճարների վճարումը:

Փոխնախարարի խոսքով պետք է հասկանալ, թե ինչն է կապիտալ ծախսերի թերակատարման պատճառը: Նա դժվարացել է ներկայացնել պատճառները:

«Իսկ առհասարակ, կատարողականների պարագայում Ֆինանսների նախարարության դիրքորոշումն այնպիսին է, որ միշտ ցանկալի է, որպեսզի կատարողականներն ապահովվեն, որպեսզի կարողանանք ունենալ պլանավորված արդյունքներ»,- ասել է փոխնախարարը: Նա հավելել է, որ ծախսերի պլանավորման այնպիսի գործընթաց են նախատեսում, որպեսզի մինչեւ 2026 թվականն ավարտվի 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների շինարարությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը, նշել, որ միջոցների շուրջ 75 տոկոսը հատկացված է եղել կրթության ոլորտին:

«Այստեղ մենք ունեցել ենք էական աճ կապիտալ ծախսերի գծով, մասնավորապես, կրթության ոլորտում 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերն աճել են 104 տոկոսով, մշակույթի ոլորտում` 120,7 տոկոսով, սպորտի ոլորտում` 210,8 տոկոսով: Կարծում ենք` սրանք զարգացման տանող ցուցանիշներ են»,- նշել է նախարարը:

107 հաստատությունների մասով որոշումներ են կայացվել, որոնք վերաբերում են ավելի քան 30.000 երեխաների: Ժաննա Անդրեասյանի խոսքով նախագծային աշխատանքները հնարավորինս տիպային կամ մոդելային իրականացնելու ճանապարհն է ընտրվել, ինչը թույլ է տալիս էապես խնայել ժամանակը եւ կրճատել վարչարարությունը: Կարեւորվել են դպրոցներում բնագիտական լաբորատորիաների բացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները. Տավուշի մարզի դպրոցներում ավարտվել է լաբորատորիաների ներդրման գործընթացը, այս տարի նման աշխատանքներ կիրականացվեն Արմավիրի մարզում, բյուջետային գործընթացով մյուս մարզերում եւս պլանավորված են այդ աշխատանքները:

  • Կիսվել: