ԿԲ կանխատեսմամբ՝ գնաճը տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախ
ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ գնաճը չի արագանում և տարվա ընթացքում կսկսի վերադառնալ դեպի թիրախային ցուցանիշ: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացման ժամանակ անդրադառնալով Գևորգ Պապոյանի հարցին:
ԿԲ նախագահի տեղակալը նշեց՝ ԿԲ-ի քաղաքականությունը, տոկոսադրույքի բարձրացումն իր ազդեցությունն ունենալու է, միջին ժամկետում 12-ամսյա կտրվածքով, եթե այլ շոկեր չլինեն, գնաճը վերադառնալու է իր թիրախին. թիրախը 4 տոկոսն է, թույլատրելի շեղման չափը՝ + - 1.5 տոկոս:
«Հիմա, երևի, նույն տեղաշարժը կլինի: ԿԲ-ն իր գործիքներով ի վիճակի է գնաճն արագ վերադարձնել իր թիրախին, ուղղակի դա մեր տնտեսության համար շատ ավելի ծախսատար կլինի: Ընդունված կանոն կա, եթե շոկն առաջարկի շոկ է, այսինքն՝ ծախքերն է ավելացնում, ապա ԿԲ-ն պետք է արձագանքի միայն երկրորդային էֆեկտների, որ գնաճը չարագանա: Այս պահի դրությամբ մեր իրականացրած քաղաքականությունն ապացուցել է, որ գնաճը չի արագանում, ետ է վերադառնում: Գնաճը կարագանար, եթե վերջին մեկ տարվա ընթացքում իր պիկից հակառակ ուղղությամբ չշարժվեր»,- ասաց Երիցյանը:
Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ նախորդ կանխատեսման իրականություն դառնալը մի քիչ հետաձգվում է, բայց համոզմունք կա, որ գնաճը կսկսի վերադառնալ դեպի թիրախը այս տարվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ գնաճը կվերադառնա թիրախին: