չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը գույք կնվիրի Սյունիքի մարզի Գորայք համայնքին

Կառավարությունը գույք կնվիրի Սյունիքի մարզի Գորայք համայնքին

ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Գորայք համայնքին կնվիրի Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենա, որը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 16-ի հանձնման-ընդունման ակտով հանձնվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այս մասին կառավարության որոշման նախագիծը ներառված է գործադիրի ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ամրացված 2005 թվականի արտադրության MERCEDES SPRINTER մակնիշի VIN WDB9036621R804603 (նույնականացման համարը՝ SN010TR/BS283B) 585 180 դրամ սկզբնական արժեքով մարդատար մեքենան հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքին՝ վերջինիս կարիքների համար օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման նախագծում:

Ռազմական դրության ավարտից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2005 թվականի արտադրության Mercedes Sprinter մակնիշի մարդատար մեքենայի հետագա տնօրինման հարցի նպատակահարմարությունից ելնելով՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքին գույք նվիրելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով այն նվիրում է ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքին:

  • Կիսվել: