երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապիտալի շուկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար․ Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միություն

Կապիտալի շուկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար․ Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միություն

Կապիտալի շուկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միություն գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Դա, նրա համոզմամբ, որոշակիորեն կհավասարակշռի երկրի ֆինանսական համակարգը։ «Փոփոխությունները հնարավորություն կստեղծեն եւ՛ ներդրողների, եւ՛ բաժնետոմսեր թողարկող ընկերությունների համար՝ բարձրացնելու իրենց ներգրավվածությունը կապիտալի շուկայում»,-նշեց Սարոյանը:

Նա տեղեկացրեց, որ միությունը հիմնադրվել է 1995 թվականին, իսկ 2017 թվականին գլխամասային գրասենյակը Ստամբուլից տեղափոխվել է Հայաստան:

«Մեր կազմակերպության գլխավոր առաքելությունն է միավորել տարբեր երկրներից նրա անդամներին։ Այժմ մեր անդամներն են ֆոնդային բորսաները եւ դեպոզիտարիաները 22 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, Ամերիկայից, Ավստրալիայից։ Ընդհանուր առմամբ, մեր կազմակերպությունում ներկայացված է 40 անդամ»,-նշեց նա։

Սարոյանը վստահեցրեց, որ միության գլխավոր նպատակը կապիտալի շուկայի զարգացումն է այն կազմակերպությունների երկրներում, որոնք ներկայացված են այնտեղ: «Մենք իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, այդ թվում ՝ փորձի եւ գիտելիքների փոխանակում, ինչպես նաեւ մարքեթինգային միջոցառումներ՝ կապիտալի շուկաների զարգացման համար»,-եզրափակեց նա:

  • Կիսվել: