երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպե՞ս անենք, որ մեր ազգային աուդիտորական կազմակերպություներից մեկը խոշորանա և միջազգային դառնա․ Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների փոխնախարարին

Ինչպե՞ս անենք, որ մեր ազգային աուդիտորական կազմակերպություներից մեկը խոշորանա և միջազգային դառնա․ Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների փոխնախարարին

ԱԺ  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին համաձայնագիրը  վավերացնելու մասին նախագիծը։ 

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փոխնախարարին հարց ուղղեց․ «Միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների հետ ինչպիսի  փոխհարաբերություն պետք է լինի, ի՞նչ եք կարծում իրենց աուդիտորական գործունեության արդյունքում տված փաստաթղթին ինչպես՞ն ենք վերաբերվելու։ Ի՞նչ  պետք է անենք, որ մեր հայկական գրանցում ունեցող կազմակերպությունները կամաց-կամաց մոտենան միջազգային կազմակերպություններին իրենց որակով։ Հայաստանում գրանցած կազմակերպությունները կամ հայկական ծագում ունեցող ոչ միջազգային կազմակերպությունները ունեն ցանկ, թե դրանցից որոնք են, որ մոտենում են միջազգային հեղինակավոր աուդիտորական  կազմակերպությունների  որակին» -  Սուքիասյանի խոսքով, սա կարևոր է  հասկանալու համար, թե ինչ է կատարվում շուկայում և ինչ է լինելու ապագայում։

«ՀՀ աուդիտի շուկան գնահատվում է շուրջ 3 միլիարդ՝ բյուջեի առումով և բավական բևեռացված է, այն իմաստով, որ այդ 3 միլիարդի 70 տոկոսը վերաբերում է խոշոր քառյակին, հիմա արդեն խոշոր եռյակին։ Մենք պետք է մի կողմից ապավինենք խոշոր եռյակին, իրենց բարձր պրոֆեսիոնալիզմին և  փորձենք այն տեղայնացնել մեր ազգային ընկերություններում, մյուս կողմից հնարավորություն  տանք, որ ազգային ընկերությունները կայանան և իրական մրցակիցներ  դառնան աշխարհում հայտնի կազմակերպություններին»,- ի պատասխան նշեց Արման Պողոսյանը։ 

«Դժվար է ասել, որ այն հանգրվանում ենք, որ կարող ենք ասել, որ աուդիտորական եզրակացությունները մեծ վստահություն են ներշնչում , քանի որ վերջին տարիներին արտաքին գնահատում չի իրականացվել»,- Պողոսյանի խոսքով՝ այժմ աուդիտորական գործառույթները Ֆինանսների նախարարությունը պատվիրակել է աուդիտորների պալատին, որտեղ գործունեություն են ծավալում նաև  բրիտանացի փորձագետները։ Այս համագործակցությունը հնարավոր է դարձել  Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում։ 

Պողոսյանը խիստ կարևորեց, աուդիտ իրականացնող կազմակերպությունների գործունեության արժանահավատությունը, ընդգծելով, որ այն հիմք է դառնում ազգային տնտեսություններն արտաքին շուկայի համար գրավիչ դարձնելուն։ 

Սուքիասյանը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ պետք է անեն, որ ՀՀ-ում լինի գոնե մեկ աուդիտորական կազմակերպություն՝ մոտ միջազգային կազմակերպություններին․ «Ինչպե՞ս անենք,  որ մեր ազգային աուդիտորական կազմակերպություներից մեկը խոշորանա և միջազգային դառնա»։

Պողոսյանն ընդգծեց, որ պետք է ստեղծել ազգային միջավայր, որտեղ կազմակերպությունները կկարողանան գործունեություն ծավալել, նա նշեց, որ այս հարցում ՀՀ Ֆինանսների նախարարությունը տարբեր մեխանիզմներով աջակցում է Աուդիտորների պալատին։

  • Կիսվել: