ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իմ քայլը» հիմնադրամի ուշադրության կենտրոնում են կրթության և գիտության ոլորիտի զարգացման ծրագրերը և դրանց իրականացումը. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամի ուշադրության կենտրոնում են կրթության և գիտության ոլորիտի զարգացման ծրագրերը և դրանց իրականացումը. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամը սեփական ուժերը բացառապես կենտրոնացրել է մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա: Շուրջ երկու տարիներ ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը եղել է  կրթությունն ու գիտությունը, որի  շրջանակներում իրականացվել է  4 մեծ ծրագրեր:

Այս մասին մարտի 27-ին, 2022 թվականի հիմնադրամի գործունեության հաշվետվությանը նվիրված ասուլիսի ժամանակ նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյան՝ ընդգծելով, որ հիմնադրամն ունի բացառապես մարդասիրական առաքելություն:

««Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». այս փիլիսոփայությամբ և այս տեսակ բացառիկ մարդասիրական առաքելությանն է կոչված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ինչը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, համառ, տևական ու հետևողական աշխատանք։ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված  են մարդկային կապիտալի զարգացմանը՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ  հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝  ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։

«Մենք առաջնային ենք համարում շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ, քանի որ մեր կյանքի այս աննախադեպ արագությունների ու փոփոխությունների ժամանակներում մարդուն անհրաժեշտ է զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները  և կարողություններն իր ողջ կյանքի ընթացքում»,- հավելեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը։

Հայրապետյանը նշեց, որ այս ընթացքում իրականացրել են պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիրը, որի  մեկնարկի համար որպես թիրախ ընտրվել են 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները, քանի որ նրանց խոցելիությունն ավելի բարձր է գնահատվում:

«Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզում՝ պայմանավորված վիրավոր զինվորների մեծ թվով և ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակով: Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում այն կմեկնարկի նաև ՀՀ այլ մարզերում:

Այս նախաձեռնության հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար»,- ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով հաջորդ կարևոր ծրագրին՝ հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ այսօր աշխարհը թևակոխել է քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։

«Հաշվի առնելով արդի միջազգային գիտակրթական զարգացումները՝ հիմնադրամը կիրականացնի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում հիմնականում դասավանդում են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը 15 ուսանող, որոնց ուսման ամբողջ վարձավճարը փոխհատուցվում է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից՝ կրթաթոշակի տեսքով»,- ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված   «Հորիզոններ» դուալ  կրթական ծրագրով նախատեսվում է մշակել ու հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել կրթական նոր մոդել, որը հիմնված կլինի յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների և համայնքային առանձնահատկությունների ու հնարավորությունների վրա:

«Հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ինքնատիպ պատմությունը, զբաղմունքները, կենցաղը, համայնքային առանձնահատկություններն  ու այդ ամենից բխող տեղային հնարավորությունները՝ մենք հավատացած ենք, որ այսօրինակ կրթական ծրագրերի հետևողական իրականացումը մարզերում կնպաստի աշխատաշուկայի զարգացմանը և պահանջարկի բավարարմանը, ինչն էլ, իր հերթին, երիտասարդների կյանքն առավել գրավիչ կդարձնի։

«Հորիզոններ» կրթական ծրագիրը 2022թ․ փորձարարական տարբերակով կիրականացվի գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 11 բնակավայրերի 9-12-րդ դասարանի աշակերտների համար»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը:

Նրա խոսքով՝ ծրագրի շահառուները հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ գինեգործության և խաղողագործության մշակույթին՝ համատեղելով տեսական և գործնական գիտելիքները, դրանք ներառել իրենց հանրակրթական զբաղվածության մեջ, ուսումը դարձնել հետաքրքիր և բովանդակային, նպաստել մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հայրապետյանը ուրախությամբ ներկայացրեց, որ 2022 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  համատեղ  ջանքերով իրականացվեց «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում։ Ծրագրի շրջանակում երեք ընկերություններ ստացան դրամաշնորհներ՝ Հայաստանում ընկերության գրանցման և գաղափարի իրագործման նպատակով։

  • Կիսվել: