հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար». Քերոբյան

ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար». Քերոբյան

Հայաստանում զբաղվածների շուրջ 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ, նախորդ տարի այն կազմել էր 933 միլիարդ դրամ։

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ պլանն է այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի։

Նախարարը նշեց, որ ագրոպարենային ապրանքների արտահաման ծավալը 2022 թվականի ինն ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028 թվականին պլանավորած ցուցանիշը։

Վահան Քերոբյանը հայտարարեց, թե ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար», որի ընթացքում պետք է ճշգրտվեն գյուղացիական տնտեսությունների քանակը, ունեցվածքը, ընդհանուր գյուղատնտեսական իրավիճակը։

«2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է  իրականացնել 6 ծրագիր՝ 36 միջոցառումով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում՝ նաև արտաքին աղբյուրներից ստացվող  վարկային ու  դրամաշնորհային միջոցներով  երեք ծրագիր՝ ութ միջոցառումով՝ 2,4 միլիարդ դրամ գումարով», - ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: