հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա առթիվ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա առթիվ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի գործարարներ,

Սիրով շնորհավորում եմ ձեզ Գործարարի օրվա առթիվ, որը 2017 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է մարտի 3-ին՝ նշանավոր հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործարարներին, որոնք այս դժվարին ժամանակներում շարունակում են անշեղորեն պահպանել բարեխիղճ և արդար մրցակցության կանոնները:

Անցած տարին ամբողջ աշխարհի և հատկապես մեր գործարարների համար լի էր անկանխատեսելի և դժվար կառավարելի մարտահրավերներով, որոնց բացասական հետևանքները մինչ այժմ էլ զգալի են:

Գործարարության զարգացման և տնտեսության առաջխաղացման համար կայուն, կանխատեսելի և մրցակցային բիզնես միջավայրի ապահովումն առաջնային նախապայման է, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել ու շարունակում է իրականացնել բարելավումներ նման միջավայրի ստեղծման և պահպանման ուղղությամբ:

Այդ նպատակով 2020 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում արմատական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկանք, որի շնորհիվ կունենանք կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն՝ ի շահ թե՛ տնտեսվարողի, թե՛ պետության և թե՛ քաղաքացու:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր գործարարներին՝ մաղթելով նոր, հաջողակ բիզնես նախագծերի իրագործում և արդյունավետ ու ստեղծագործ աշխատանք՝ խաղաղ երկնքի ներքո»:

  • Կիսվել: