ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ կառավարությունը գործուղումների ու ընդունելությունների գծով գերծախս է արել

ՀՀ կառավարությունը գործուղումների ու ընդունելությունների գծով գերծախս է արել

ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ–ի բյուջեով հատկացված գումարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշման նախագծից։
 
Դրա համաձայն` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։ Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։
 
ՀՀ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար էլ բյուջեով նախատեսված 320 մլն դրամից մնացել է 52 մլն–ը։ Բայց այստեղ ևս առկա են ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:
Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ` արտասահմանյան գործուղումների համար։
Հատկացումներն արվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի` բյուջեով նախատեսված գումարներից։

  • Կիսվել: