ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միգրացիայի ոլորտի բարեփոխման ռազմավարական օրակարգ
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Կողմերը հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարություններով։ Փոխվարչապետ Մ․Գրիգորյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք։
«Մենք այս գործընթացին իրապես վերաբերում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի»,-ասել է նա։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասն իր ելույթում ևս կարևորել է վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու քայլը և ընդգծել, որ այն պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն, այլ Եվրոպական միության Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորումը: «Բայց այսօրվա մեջ գործողությունը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պրակտիկայում կնշանակի, որ երբ իրագործման այս փուլն ավարտվի, Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել Եվրոպական միություն կարճատև այցերի համար, ինչը բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության համար, ուսուցումների, վերապատրաստումների, ընկերներին և բարեկամներին հանդիպելու, ինչպես նաև սիրո համար»,-նշել է նա։
Այսպիսով կողմերը ազդարարեցին ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը»,-ասված է հաղորդագրության մեջ: