կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան

Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան

 Ռուսաստանյան շուկայում բազմաթիվ տեղեր ազատվել են, և հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել այդ «տարածքները»։ Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Օգոստոսի 24-ից 26-ը ՀՀ-ում կգործի բազմոլորտ բիզնես առաքելությունը Ռուսաստանից։ Առաքելության նպատակն է քննարկել տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:
 
«Մեր ընկերությունները դեպի ՌԴ արտահանման մեջ շատ բարձր արդյունքներ են գրանցում` տեքստիլի ոլորտում մի քանի անգամ ավելացել է արտահանումը ՌԴ, նույնը` սննդամթերքի ոլորտում։ Դեռևս շատ մեծ հնարավորություններ կան, որ կարելի է իրացնել»,-ասաց Քերոբյանը։
 
Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ. ունենք վերջին 15 տարվա մեջ ամենամեծ աճը` ՀՆԱ-ի աճը կազմել է 11.1 տոկոս։ Սակայն, ըստ նախարարի, սա չի նշանակում, որ պետք է բավարարվել այսքանով, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրները մեծ են, և պետք է ավելացնել ներդրումները տնտեսական աճի մեջ։
 
Նշենք, որ փետրվարից սկսած՝ Հայաստանում տնտեսական աճը բարձր է մնում՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտների աճի հաշվին։
2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 36 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է մոտ 49%-ով։

  • Կիսվել: