չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայկ Չոբանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան

Հայկ Չոբանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան

Մեծանուն հայ գիտնական Սերգեյ Մերգելյանի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ մայիսի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան, ծանոթացել գործարանի ներկայիս վիճակին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:

Կարևորելով Սերգեյ Մերգելյանի հսկայական ծառայությունները մաթեմատիկական գիտության զարգացման գործում, նրա փայլուն կազմակերպչական գործունեությունը` ուղղված գիտատեխնիկական կառույցների ստեղծմանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ գործարանը պետք է երկրի գիտական ներուժի համատեղման կարևորագույն հենարաններից մեկը լինի:

Նախարարի պաշտոնակատարը ընդգծել է Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի կարևորութունը Հայաստանի գիտական մտքի զարգացման գործընթացում։ Այն հայկական գիտության առաջընթացի կարևորագույն հենարաններից է եղել և այժմ էլ լուրջ հավակնություններ կան վերադարձնելու գիտական համբավը։

Հայկ Չոբանյանը գործարանի գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանին հանձնարարել է հստակ ժամկետներում մշակել գործարանի զարգացման ծրագիր և ռազմավարություն, հստակեցնել տեխնիկական առաջադրանքները։
 
«Գնահատելով ունեցածը՝ պետք է նոր թափով շարունակել ճանապարհը»,- ասել է Հայկ Չոբանյանը։
 
Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը գիտական մտքի երկիր կդառնա: 
 
«Հայաստանն այլևս ոչ թե ծառայություններ մատուցող երկիր, այլ գիտական մտքի շտեմարան պետք է լինի, որտեղ համախմբված կլինի երկրի ողջ գիտական ներուժը: Այդ նպատակի համար պետք է ներգրավել ոլորտին քաջատեղյակ մարդկանց։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանում կանգնած մեխանիզմներ չպետք է լինեն»։ 
 

  • Կիսվել: