ՌԴ պետությունից՝ ռուս գործարարին․ ում է անցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը
Երեկ լուր տարածվեց, թե «ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ կամ Մերգելյան ինստիտուտ)։ Հեղինակները մեջբերում էին այն հանգամանքը, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվտուշենկովին։ Սոցիալական ցանցերում այս հանդիպման կոնտեքստում շրջանառվում էր տեղեկություն, թե ՀՀ ներկայիս կառավարությունն է որոշում կայացրել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը վաճառել ռուս գործարարին, գրում է factor.am-ը:
Մինչդեռ, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն 2002 թ-ից Ռուսաստանի պետական գույքի կառավարման ֆեդերալ գործակալության 100 % սեփականությունն է։ Այն 5 գույքերից մեկն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում 100 մլն դոլար պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին։ Այսինքն՝ ԵրՄՄԳՀԻ-ն արդեն իսկ ռուսական պետական սեփականություն էր։ 2002-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրում նշված է, որ ռուսական կողմը ձեռք է բերում գույքի նկատմամբ սեփականության իրավունք, այդ թվում՝ «իր հայեցողությամբ իրեն հանձնված գույքը հետագայում վաճառելու կամ կառավարման հանձնելու իրավունք»։

Համաձայնագրում անգամ կետ չկա, որ ՌԴ-ի կառավարությունը գույքը վաճառելիս պետք է գործարքը համաձայնեցնի ՀՀ կառավարության հետ։
Ստացվում է, որ եթե Վլադիմիր Եվտուշենկովն իսկապես գնել է ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ-ն, ապա գործարք պետք է կնքած լինի ՌԴ-ի պետական գույքի կառավարման ֆեդերալ գործակալության հետ։
Նկատենք, որ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, թեև ԵրՄՄԳՀԻ-ի սեփականատերը դեռևս նույնն է, սակայն ընկերության գործադիր մարմնի ղեկավարը փոխվել է այս տարվա հունվարի 19-ին և այժմ ռուսական «Սիտրոնիկս» ԲԸ-ն է։ Ընդ որում՝ «Սիտրոնիկս»-ը ԵրՄՄԳՀԻ-ը ղեկավարել է նաև 2009-2018 թվականներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


