երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը Վրաստանից կարտոֆիլ արտահանողների եռյակում է

Հայաստանը Վրաստանից կարտոֆիլ արտահանողների եռյակում է

2023 թվականին Վրաստանից ամենաշատ կարտոֆիլ արտահանած երկրների շարքում Հայաստանը երրորդն է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Հայաստանին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 2,5 տոկոսը (135 տոննա՝ 44,68 հազար դոլար արժողությամբ), գրում է aliq.ge-ն:

2023 թվականին արտահանման ծավալը, 2022 թվականի համեմատ, նվազել է 4,4 անգամ։ Մասնավորապես, 2023 թվականին Վրաստանից արտահանվել է 5411 տոննա (1 մլն 441 հազար դոլար արժողությամբ) կարտոֆիլ, իսկ 2022 թվականին՝ 23 հազար 650 տոննա (5 մլն  215 հազար դոլար արժողությամբ)։

Վրաստանի կարտոֆիլի արտահանմամբ առաջատարն Ադրբեջանն է. 3979 տոննա՝ 860,8 հազար դոլար արժողությամբ, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 73,5 տոկոսը։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 21,7 տոկոսով (1176 տոննա՝ 493,4 հազար դոլար արժողությամբ):

Նույն տվյալների համաձայն, 2023 թվականին Վրաստան է ներկրվել 23 հազար 210 տոննա (7 մլն 740 հազար դոլար) կարտոֆիլ, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին ներմուծումը կազմել է 11 հազար 169 տոննա, 2021 թվականին՝ 11 հազար 464 տոննա, 2020 թվականին՝ 18 հազար 003 տոննա, 2019 թվականին՝ 12 հազար 643 տոննա և այլն։

  • Կիսվել: