ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը վավերացնում է մաքսային նավիգացիոն կապարակնիքների կիրառման ԵԱՏՄ համաձայնագիրը

Հայաստանը վավերացնում է մաքսային նավիգացիոն կապարակնիքների կիրառման ԵԱՏՄ համաձայնագիրը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման առաջարկին։
Համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը, որից հետո` ՀՀ նախագահի վավերացմանը։
 
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ․ ապրիլի 19-ին Մոսկվայում։ Դրա նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների տարածքով փոխադրումների ապրանքների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները:
 
Նախատեսվում է նավիգացիոն կապարակնիքներ կիրառել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող սանկցիոն ապրանքների, մասնավորապես` ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ: Հետագայում, ըստ անհրաժեշտության, նախատեսվում է հետագծման մեխանիզմ կիրառել նաև այլ ապրանքների նկատմամբ, որոնց ցանկը կսահմանվի ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից։ Համաձայնագրով հանձնաժողովին է վերապահված նաև այն ապրանքների ցանկի սահմանումը, որոնց նկատմամբ հետագծում չի կիրառվելու:
 
Համաձայնագրով նախատեսված են նաև այն էլեկտրոնային տեղեկությունները, որոնք պահվելու են նավիգացիոն կապարակնիքներում:
Համաձայնագրի լիարժեք կատարման և հետագծման մեկնարկի համար ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովը դեռ պետք է 28 իրավական ակտ ընդունի, որոնցով պետք է սահմանվեն էլեկտրոնային կապարակնիքները դնելու և հանելու կարգը, դրանց նկատմամբ տեխնիկական պահանջները և այլ տեխնիկական կարգավորումներ:
 

  • Կիսվել: