ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրոյի աջակցություն կստանա. Հայտնի է՝ ինչ նպատակներով է այն ծախսվելու

Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրոյի աջակցություն կստանա. Հայտնի է՝ ինչ նպատակներով է այն ծախսվելու

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է  «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին, որի նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

  1. Մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու և ներդրումներ ներգրավելու համար:

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:

  1. Ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում:

Նպատակի ներքո աջակցություն կտրամադրվի սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների, մեխանիզմների ու մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանը, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և Միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանը և իրականացմանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան Հայաստանում հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը: Օժանդակություն կտրամադրվի ոլորտային վարչական համակարգերի կարողությունների և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի և ծառայությունների ընդլայնմանը:

 Աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով:

  • Կիսվել: