կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Ինձ ասում են՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք». Փաշինյանը հավաստիացնում է, որ չեն փակում, դրա փոխարեն նոր դպրոց են կառուցում

«Ինձ ասում են՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք». Փաշինյանը հավաստիացնում է, որ չեն փակում, դրա փոխարեն նոր դպրոց են կառուցում

Եթե կան աշակերտների բավարար թիվ չունեցող  դպրոցներ, որտեղ կա 15-20 աշակերտ, մենք ասում ենք՝ մի հարմար տեղ դպրոց կառուցենք, եւ եղել են դեպքեր, որ մոտեցել են ինձ ու ասել՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք ձեր գյուղի դպրոցը չենք փակում, այլ ձեր գյուղի համար նոր դպրոց ենք կառուցում: Օրինակ, Երեւանում բազմաթիվ աշակերտներ կան, որ իրենց տնից դպրոցը 20 կմ հեռու է: Մենք պետք է մարդկանց ասենք, որ բան չկա, որ դպրոցը պետք է տնից հեռու լինի 200 մետր եւ չի կարող լինել 20 կմ: Համոզված եմ՝ ճանապարհին 30-40 րոպե ժամանակ են ծախսում եւ չեն դժգոհում:

Մարզերում դպրոցից հեռավորությունը մաքսիմում 10 կմ է: Ընդ որում, կառավարությունը միկրոավտոբուսը տալու է: Մենք պետք է ասենք, որ ոչ մի դպրոց չի փակվում, այլ կառուցվում են նոր դպրոցներ՝ նորմալ գույքով: Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այլ կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար:

Երեւանում մարդիկ 10-20 կմ հեռու են դպրոց գնում, քանի որ իրենց ընկալմամբ ավելի լավ կրթության հետեւից են գնում: Իսկ ո՞վ է ասել, որ գյուղի երեխան ավելի լավ կրթության  հետեւից գնալու իրավունք չունի»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մի օրինակ բերեց. «Վերջերս առիթ ունեցա խոսելու մի դպրոցի ներկայացուցչի հետ, որտեղ մինչեւ 10 երեխա էր: Դպրոցի աշխատակիցն ասում էր՝ ես դա առաջին հերթին ուզում եմ մեր երեխաների համար: Մեր երեխաները զրկված են սոցիալականացման այն հնարավորություններից, որ մյուս դպրոցներում կա: Օրինակ, ասում էր՝ էդ երեխաները երբեք դասից չեն փախնում, որովհետեւ ուրիշ ոչինչ չկա անելու»:

Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Երեխեքը սկսելու են զանգվածաբար փախնել դասից, մենք չենք խրախուսում չէ՞ դասից փախնելը»:

  • Կիսվել: