ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանում կբացվեն GIZ-ի և KFW-ի գրասենյակներ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Հայաստանում կբացվեն GIZ-ի և KFW-ի գրասենյակներ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում քննարկեց ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ վերոնշյալ ընկերությունները Հայաստանում գործունեություն են ծավալում դեռևս 2000-ականների սկզբից, սակայն մինչ այս պահը չեն ունեցել իրավական կարգավիճակ, գործել են դեսպանությունների ներքո: Որոշակի տեխնիկական հարցեր են առաջացել այս ընկերությունների գործունեության հետ կապված՝ գույքի ու սարքավորումների ներմուծման, հարկերի վճարման և այլն: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործընթացը դեռևս տարիներ առաջ երկկողմ համաձայնագրով պետք է կարգավորված լիներ, սակայն մինչ օրս ձգձգվել է ինչ-ինչ պատճառներով: «Նախորդ տարի մեր ակտիվ նախաձեռնության արդյունքում հայտագրերի փոխանակման միջոցով հաջողվեց նման պայմանագիր ստորագրել, որը ներկայացվել է վավերացման»,- ասել է Ռաֆայել Գևորգյանը:

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել հայ-գերմանական արդյունավետ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ են քննարկվում: Դեռրս 1995 թվականից առկա է հարուստ իրավապայմանագրային բազա, Գերմանիան Հայաստանում ներդրումներ է կատարել մոտ երկու տրիլիոն դրամին համարժեք: Այս պահին KFW բանկի ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 650 մլն եվրո: GIZ-ը հիմնականում գործունեություն է ծավալում գրանտային միջոցառումների շրջանակում, մասնավոր հատվածի զարգացման համար շատ կարևոր աշխատանք է կատարվել տարիների ընթացքում և այժմ էլ ակտիվ աջակցություն է ցուցաբերում մեր երկրին:

Պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արծվիկ Մինասյանի, Ծովինար Վարդանյանի և Սերգեյ Բագրատյանի հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել, նշել, որ Գերմանիան առևտրաշրջանառության առումով ԵՄ շրջանակում Հայաստանի առաջին գործընկերն է, մոտ երկու տրիլիոնից ավելի ներդրումներ են արվել մեր երկրում նախորդ տարիների ընթացքում:

«Թե ինչու այս համաձայնագրերը չեն ստորագրվել, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ դա խոչընդոտել է մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաֆայել Գևորգյանը և հավելել, որ համաձայնագրով նոր արտոնություններ չեն սահմանվում, կանոնակարգվում են գործող հարաբերությունները:

Մինչ այժմ համաձայնագրի ընդունման գործընթացը ձգձգելու կամ խոչընդոտելու վերաբերյալ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործընթացը սկսել է 12 տարի առաջ, և դրանից հետո պարբերաբար Գերմանիայի կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցրել է, որ այս համաձայնագրերն իրենց համար կարևոր են:

«Այդ արձանագրումներն արվել են նաև վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի արդյունքում հարցը լուծվել է, հարցը հնարավոր էր լուծել մեկ տարվա ընթացքում: Խոչընդոտվե՞լ է, թե՞՝ ոչ, հարցի պատասխանը կթողնեմ ձեզ»,- ասել է նա:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Էդգար Հակոբյանը:

Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը:

  • Կիսվել: