կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեր պարտքը 2021-ի դեկտեմբերի 60,2 % էր, իսկ 2022-ի դեկտեմբերին՝ 46,7 %. սա հիանալի արդյունք է. Վահե Հովհաննիսյան

Մեր պարտքը 2021-ի դեկտեմբերի 60,2 % էր, իսկ 2022-ի դեկտեմբերին՝ 46,7 %. սա հիանալի արդյունք է. Վահե Հովհաննիսյան

Անընդհատ թմբկահարվում է այն մասին, որ Կառավարության պարտքը հատում է 10 միլիարդ դոլարի սահմանը: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Իրոք, պարտքը՝ դոլարով արտահայտված, ավելի է 10 միլիարդ դոլարից: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Օրինակ՝ Վրաստանի պարտքը կազմում է 23,5 միլիարդ դոլար, Լիտվայինն էլ նույնքան, իսկ Սինգապուրի պարտքը կազմում է 813 միլիարդ դոլար: Որևէ խելամիտ մասնագետ պարտքի մասին դատողություն չի անում՝ ելնելով դրա բացարձակ ծավալից: Ընդ որում, եթե միայն բացարձակ ծավալով դիտարկենք, ՀՀ Կառավարության պարտքը նվազել է 4 տրիլիոն 310 միլիարդից՝ իջնելով 3 տրիլիոն 970 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը ընդգծեց, որ պարտքն առհասարակ գնահատվում է համախառն ներքին արդյունքի հետ համեմատությամբ:

«Մեր պարտքը 2021 թվականի դեկտեմբերին կազմում էր 60,2 տոկոս, իսկ 2022-ի դեկտեմբերին այն կազմել է 46,7 տոկոս. սա հիանալի արդյունք է: Օրինակ՝ Չինաստանի պարտքը կազմում է 77 տոկոս, Վրաստանինը՝ 41, Գերմանիայինը՝ 66,3, Աֆղանստանինը՝ 7,4: Ինչո՞ւ, որովհետև Աֆղանստանն աղքատ երկիր է՝ անկայուն քաղաքական համակարգով, և չունենալով ֆինանսական կայուն համակարգ՝ չի կարող երաշխավորել պարտքի վերադարձ: Այսպիսի երկրներին օգնություն են տալիս, և ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանն օգնություն ստացող երկիր չէ, այլ ընդհակառակը, մենք վերջերս դարձել ենք դոնոր համայնքի անդամ և մեր փոքրիկ ներդրումն ունենք աղքատ երկրներին աջակցելու գործում»,- ասաց նա:

Նախարարը, վերադառնալով Կառավարության պարտքի ցուցանիշներին, նշեց, որ 13,5 տոկոս տոկոսային կետով նվազումը պայմանավորված է երկու հիմնական պատճառներով:

«ՀՀ տնտեսությունը կամ ՀՆԱ-ն աճել է շատ ավելի արագ, քան պարտքը, դրամը արժևորվել է, և արժութային պարտքը՝ դրամով արտահայտված, նվազել է: Եթե նույնիսկ այս ազդեցությունը չեզոքացնենք, պարտքը կլիներ 53 տոկոս: Նույնիսկ այսպիսի փայլուն ցուցանիշների ֆոնին մենք պետք է մտածենք հնարավոր ռիսկերի մասին»,- ասաց նա և հիշեցրեց, որ հնարավոր տնտեսական շոկերի և ցնցումների ազդեցությունը մեղմելու և հարկաբյուջետային ու Կառավարության պարտքի կառավարման քաղաքականություններին աջակցելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերից ձևավորվել է կայունացման դեպոզիտային հաշիվ:

  • Կիսվել: