ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Հաստատվել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը

Հաստատվել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց․ «Դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացման դասընթացներին, ձեռք բերել այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի սեփական գործը սկսելու համար։ Նրանց աջակցություն կտրամադրվի հենց սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։

Ունենալով կրթական մասով հավաստագիր և սեփական գործարար ծրագիր՝ կդիմեն տեղական բանկերին, որոնք կմասնակցեն նշված ծրագրին, և կստանան պետական աջակցությունը։ Մենք չենք խոսում այստեղ վարկային ֆինանսավորման մասին։ Խոսքը հենց պետական աջակցության մասին է, այսինքն՝ ծրագրի պայմանների պահպանման դեպքում գումարի վերադարձման խնդիր չի լինի։

Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 մլն դրամ է։ Ծրագիրը նախատեսված է առնվազն 400 անձի համար՝ ուսումնական մասով, և նրանցից ընտրված 200 անձի համար՝ արդեն ֆինանսավորման տրամադրման մասով։ Բյուջեն ընդհանուր առմամբ 400 մլն դրամ է։

Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ Մեկ տարվա աշխատանքի արդյունքում կփորձենք ամփոփել տվյալները, գնահատել ծրագրի արդյունավետությունը և հասկանալ ծրագրի իրականացման մասով հետագա քայլերը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք կարծում ենք՝ այս տարիքի մեր սիրելի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ, և շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Մենք խնդիր ունենք այս քաղաքական ուղերձը հղելու, որ 63 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա առջևում, և դա պետք է կառուցել հագեցած և բովանդակային տրամաբանությամբ»։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց․

«Մենք 100 հազարից ավելի թոշակառու ունենք, որոնք ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են։ Այս նախաձեռնությունը նաև շարունակությունն է մեր մյուս քաղաքականությունների, երբ մենք գրեթե ամենուր վերացրինք տարիքային արհեստական շեմերը»։

  • Կիսվել: