երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հասնում ենք ժամանակակից պահանջներին համապատասխան հանքարդյունաբերությանը․ գիտական աշխատաժողովի մասնակիցներ (տեսանյութ)

Հասնում ենք ժամանակակից պահանջներին համապատասխան հանքարդյունաբերությանը․ գիտական աշխատաժողովի մասնակիցներ (տեսանյութ)

ԶՊՄԿ-ում կայացած ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովի մասնակիցները շրջայց են կատարել հանքավայրում, ծանոթացել են ընկերության արտադրամասերի գործունեությանը, որից հետո կիսվել են տպավորություններով և իրենց դիտարկումներով ոլորտ վերաբերյալ։

«Հանքավայրում եղել եմ դեռևս ուսանող ժամանակ՝ 1970թ․-ին, այնուհետև 1997-1998թթ․-ին՝ բնապահպանության նախարար լինելու տարիներին, նաև 2015թ․-ին էի եղել այստեղ։ Պետք է նշեմ, որ սարեր-ձորեր տարբերություն կա։ Այն ժամանակ հանքում պայթեցումներն այնպիսի ձևով էին արվում, որ ժամերով փոշին չէր նստում։ Շրջակա միջավայրի հարցերը լրիվ անտեսված էին, բայց հիմա լրիվ փոխվել է իրավիճակը: Հիմա քայլում ենք ժամանակին համահունչ և հասնում ենք ժամանակակից պահանջներին համապատասխան հանքարդյունաբերությանը»,- նշել է նա ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը։

Իր հերթին՝ ԵՊՀ Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Գրիգոր Հայրապետյան նշել է, որ մեր արտահանման գրեթե 30-33 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը։

«Եթե դիտարկենք կոնկրետ պղինձը և մոլիբդենը, ապա 2022թ․ տվյալներով դա մոտ մեկ միլիարդ դոլար է կազմում, ինչն արտարժույթի շատ մեծ աղբյուր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ այդ արտարժույթը հետագայում հիմք է հանդիսանում այն ապրանքների ներմուծման համար, որոնք տվյալ դեպքում տնտեսությունը, մյուս ընկերությունները կարիք ունեն ներմուծել տեխնոլոգիաներ և այլ սարքավորումներ», - շեշտել է նա։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության մեջ բավականին բարձր է աղքատության ցուցանիշը և տարբեր գնահատականներով այն կազմում է միջինը 27 տոկոս, իսկ ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է։

«Եթե մենք կարողանում ենք մարզերում զբաղվածություն ապահովել, ապա առնվազն մարզի բնակչությունը երկարաժամկետ կտրվածքով կապվում է իր ծննդավայրի հետ։ Եվ երկարաժամկետ հատվածում հանքարդյունաբերության զարգացումը նույն Սյունիքի մարզում կարող է հիմք հանդիսանալ արդյունաբերական կլաստերների ստեղծմանը, որոնց մեջ կարող է առաջատար լինել հենց հանքարդյունաբերական ոլորտը», - եզրափակել է Գրիգոր Հայրապետյանը։

 

  • Կիսվել: