չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հակահամաճարակային կանոնները չպահպանող տնտեսավարողները կենթարկվեն տույժի. Ավետիսյան

Հակահամաճարակային կանոնները չպահպանող տնտեսավարողները կենթարկվեն տույժի. Ավետիսյան

Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասաց, որ մարտի 19-ից ի վեր իրականացվել է 13067 շրջայց, ստուգում և դիտարկում:

Նա, մասնավորապես, նշեց. «Կազմել ենք 1015 արձանագրություն, իսկ այս պահի դրությամբ արդեն ունենք 976  փակված հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ: Ուրախացնողն այն է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք իրականացրել ենք 4000 շրջայց, որից միայն 1000-ի դեպքում ենք արձանագրություն կազմել: Կա տենդենց, որ մեր տնտեսավարողները, հանրային սննդի  օբյեկտների ղեկավարները, անսալով մեր կոչին, իրականացնում են այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են հակահամաճարակային այս ժամանակահատվածում»:

Ավետիսյանը տեղեկացրեց, որ խախտումներից շատերի դեպքում հիմնականում չեն պահպանվում  հաճախորդների միջև առնվազն 1.5 մետր հեռավորությունը, հաճախորդներին մատուցում են նարգիլե, որը խստիվ արգելվում է: Ըստ Ավետիսյանի՝ տարածված խախտումներից է աշխատակիցների՝ դիմակը սխալ կրելը, երբ չեն ծածկում քիթը և բերանը:

Նա հավելեց. «Բոլոր այն տնտեսավարողները, որոնք  չեն պահպանի հակահամաճարակային միջոցառումները, կենթարկվեն տույժի: Մեր բոլոր աշխատակիցների անունից խնդրում եմ և կոչ եմ անում՝ պահպանել կանոնները և թույլ տալ, որ տեսուչները և աշխատակիցները նույնպես հնարավորություն ունենան մեկ- մեկ հանգստանալու»:

  • Կիսվել: