Գործում է ճոճանակի էֆեկտը, որի պատճառը հաճախ իշխող թիմի մերկանտիլ շահերն են. հայտարարություն
«ՀՀ բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքագետների հայկական ասոցիացիան՝ ներկայացնեռլով իր առաջարկները և դիտարկումները նախագծի վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է. «Գիտության դերը ժամանակակից աշխարհում պայմանավորված է այն հանգամանքով, որ գիտելիքը դառնում է տնտեսական և սոցիալական զարգացման հիմքում ընկած հիմնարար գործոն։ Հասարակության բարգավաճումն ավելի ու ավելի է կախված նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու ունակությունից:
Գլոբալ աշխարհի արմատական վերափոխումների դարաշրջանում գիտության հետ մեկտեղ կարևոր դեր է խաղում նաև կրթությունը: Որակյալ, ժամանակակից, մարտահրավերներին ու կարիքներին համապատասխան կրթության նշանակությունն ու պահանջարկն օրեցօր աճում են:
Հետևաբար, ժամանակակից աշխարհում բարձրագույն կրթությունը դարձել է հասարակության բոլոր ոլորտների զարգացման ամենակարևոր գործոններից մեկը և հզոր շարժիչ ուժը՝ տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական, մշակութային և այլն:
Գիտության և բարձրագույն կրթության զարգացման ժամանակակից մակարդակի ապահովումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար ՝ հաշվի առնելով նրա տարածքային, ժողովրդագրական, բնական ռեսուրսները, աշխարհաքաղաքական ռիսկերը: Գիտության և բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն գործոնը դրանց պետական-իրավական կարգավորումն ու ապահովումն է:
Այն կարող է ինչպես նպաստել, այնպես էլ արգելակել դրանց զարգացումը. ինչպես նպաստել նրանց մրցակցային կարողությունների բարձրացմանը, այնպես էլ ստիպել նրանց տեղում դոփել: Ուստի պետք է հատկապես ուշադիր վերաբերվել վերջերս քննարկման դրված բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծին ։ Ցավոք, դրա լայն հանրային քննարկման համար շատ քիչ ժամանակ է հատկացվել։ Բացի այդ, գիտական կազմակերպությունները, բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններն ու նրանց կոլեկտիվները, էլ չենք ասում լայն հասարակության մասին, ըստ էության, պատշաճ կերպով ներգրավված չէին այս գործում: Անդրադառնանք նախագծի բովանդակությանը։
Պետք է նշել, որ օրենքի սույն նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները, չի կարող նպաստել կրթության և գիտության զարգացմանը, քանի որ նախագծի մշակման մեջ ընդգրկված չի եղել կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների լայն շրջանակ, ինչը բնականաբար չէր կարող ապահովել համակողմանի վերլուծված և ընդգրկուն օրենքի նախագծի առկայություն, որը կհամապատասխաներ առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես, հարկ է առանձնացնել հետևյալ դրույթները.
- Չափազանց բյուրոկրատական կառուցվածք։ Օրինագիծը ստեղծում է խիստ և բարդ կառավարման համակարգ բուհերի և գիտական կազմակերպությունների համար։ Այս չափից ավելի բյուրոկրատիան կարող է խոչընդոտել ճկունությունը և նորարարությունը, ինչը դժվարացնում է կազմակերպություններին հարմարվել փոփոխվող կրթական միջավայրին։
- Սահմանափակ ինքնավարություն։ Չնայած օրինագիծը նշում է բուհերի ինքնավարության մասին, միաժամանակ պարտադրում է պետական մեծ վերահսկողություն։ Այս հակասությունը թուլացնում է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարումը՝ կրթական հաստատությունները դարձնելով ավելի կախյալ պետական հրահանգներից։
- Սահմանափակող լիցենզավորման պահանջներ։ Օրինագիծը սահմանում է չափազանց խիստ և այլ օրենքների հետ հակասություններ ունեցող պահանջներ կրթական հաստատություններին լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր ու, միաժամանակ, նեղ մասնագիտացված բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը։
- Մոտեցում երեկվա չափանիշներով։ Օրինագիծը բավարար ուշադրություն չի դարձնում կրթության թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման մեթոդների վրա։ Սա կարող է դանդաղեցնել բարձրագույն կրթության զարգացումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից կրթության գլոբալ միտումների պայմաններում։
- Հավասար պայմանների բացակայություն: Նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում բուհերի և համալսարանների միջև: Բոլոր դրույթներում նախապատվությունը տրվում է համալսարաններին՝ խախտելով հավասարության սկզբունքը:
Այսպիսով՝ սույն օրինագիծը ներկայացնում է խիստ կենտրոնացված և սահմանափակող համակարգ՝ բարձրագույն կրթության և գիտության հաստատությունների համար:
Օրինագծի չափազանց բյուրոկրատացված է, չափից ավելի մեծ վերահսկողությունը և խիստ լիցենզավորման պահանջները կարող են խոչընդոտել նորարարությանը և ինստիտուցիոնալ անկախությանը: Նախարարությունների, գերատեսչությունների, որսորմնական հաստատությունների, գիտական և այլ կազմակերպությունների միավորումն ու տարանջատումը պետական բյուրոկրատիաների սովորական պրակտիկա է, հատկապես ավտորիտար և պոպուլիստական ռեժիմներում:
Դա տեղի է ունենում ըստ կարգի համաձայն, որը կարելի է անվանել «Ճոճանակի օրենքը»: Ճոճանակը թեքվել է մեկ ուղղությամբ՝ պետք է միավորել։ Հիմնավորումը՝ կառավարման օպտիմալացում, հաղորդակցության ուժեղացում, ավելի լավ համակարգում, կրկնությունների վերացում, անձնակազմի և կառավարման և այլ ծախսերի կրճատում և այլն։
Այժմ ճոճանակը ճոճվել է միավորման ուղղությամբ։ Մենք դա տեսանք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններն ու գերատեսչությունները մեկ նախարարության մեջ միավորելու օրինակով ։ Գիտության և բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում խնդիր է դրված միավորել պետական բուհերը ՝ սահմանափակելով դրանց թիվը։ 4000-ից պակաս ուսանող ունեցող մասնավոր բուհերը նույնպես ստիպված կլինեն միավորվել։
Հետո ճոճանակը կթեքվի մյուս ուղղությամբ՝ անհրաժեշտ կլինի առանձնացնել և ստեղծել ինքնավար կառույցներ։ Հիմնավորումը՝ ավելի լավ պրոֆիլային մասնագիտացում կառավարման ոլորտում, ավելի մեծ նպատակային կողմնորոշում, սերտ կապ առաջնային օղակների հետ, բյուրոկրատական ընթացակարգերի կրճատում և այլն: Իհարկե, չպետք է մոռանալ, որ այս ճոճանակի պատճառը հաճախ իշխող թիմի մերկանտիլ շահերն են։ Վերը նշվեց, որ սա բնորոշ է ավտորիտար և հատկապես պոպուլիստական ռեժիմներին։
Ինչպես տեսնում ենք նախագիծը պարունակում է բազմաթիվ խնդիրներ, հակասություններ: Հետևաբար՝ սույն օրենքի նախագիծը հիմնովին վերանայելու և խմբագրելու անհրաժեշտություն կա:
Այս հղումով կարող եք ծանոթանալ սույն հոդվածի ամբողջական տեքստին: