երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Նախագիծը նպատակուղղված է Հայաստան ներմուծված կամ արտադրված ապրանքների շարժի, դրանց հետագծելիության նկատմամբ հսկողության բարձրացմանը, նաեւ այդ շարժի ընթացքում հսկիչ նշանների ու դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը:

«Ունենք հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ոլորտ: Ապրանքները վաճառում են՝ ՀԴՄ կտրոնի վրա նշելով ապրանքի կոդը, որով կարողանում ենք հասկանալ, թե ինչ ապրանք է վաճառվել տվյալ մանրածախ խանութում, բայց մենք չունենք շարժի նկատմամբ գաղափար, թե որ ապրանքը ներմուծվեց, որը վաճառվեց, որ տեսակի ապրանքը որտեղ վաճառվեց: Ապրանքի հետագծելիությունը, հետագայում նաեւ «վիրտուալ» պահեստի գաղափար ունենալու համատեքստում այդ ամբողջ շղթայի վերաբերյալ գաղափար ունենալու համար առաջարկվում է հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ կոդի լրացման պահանջ սահմանել»,- պարզաբանել է Արթուր Մանուկյանը:

Նրա խոսքով հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքներ բնույթի ու քանակի վերաբերյալ եւս հաշվարկային փաստաթղթերում պետք է լինի տեղեկատվություն: Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունը մաս-մաս է կիրառվելու, այն ապրանքային շարժի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորություն կտա:

«Նախագծի գաղափարն ամբողջովին կիրականացվի, երբ կունենանք հսկողության առումով հստակ դաշտ: Նախագիծն ունի նաեւ ստվերային շրջանառության բացառման նպատակ»,- արձանագրել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության ներմուծման գործող համակարգ կա, օրենսգրքում կա հաշվարկային փաստաթղթում ԱՏԳ ԱԱ կոդն ընդամենը մեկ ապրանքի մասով պարտադիր նշելու պահանջ, ինչը պիլոտային ծրագրով է: «Հետագայում այդ ապրանքները կավելանան, բայց մենք, դրանից բացի, առաջարկում ենք Կառավարության նախատեսած կարգով, դեպքերում ու ժամկետում սահմանել այն կարգավորումները, որոնց համաձայն պետք է ԱՏԳ ԱԱ կոդերը եւ հսկիչ նշաների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվեն հաշվարկային փաստաթղթերում»,- ընդգծել է զեկուցողը:

Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ իրենց համար ընդունելի են Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության դիտարկումները:

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է նախապես ձեռք բերված պայմանավորվածության մասին, որի համաձայն՝ օրենքն ընդունելուց բացի մինչեւ Կառավարության կողմից համապատասխան կանոնակարգերի մշակումը, այդ նոր կոդերը գործնական կիրառման դժվարությունների մասով քննարկվեն եւ հաշվի առնվեն տնտեսավարողների դիտողությունները:

«Սկանավորման բարդություններից մինչեւ առանձին տնտեսական դժվարությունները հասկանալով եւ կարեւորելով հետագծելիության նշաանակությունը՝ պետք է այնպես անենք, որ տնտեսավարողների կյանքը չբարդանա եւ գործնականում այդ ամենը հնարավոր լինի իրագործել առանց ռեսուրսների եւ ժամանակի զգալի ավելացման»,- նշել է Բաբկեն Թունյանը:

Արթուր Մանուկյանը վստահեցրել է, որ խնդիրները քննարկվում են ոլորտ առ ոլորտ: Նա պարզաբանել է, որ այս փոփոխությունը մանր վաճառակետերին չի վերաբերում, որովհետեւ հաշվարկային փաստաթղթերը հիմնականում դուրս են գրում ներմուծողներն ու արտադրողները: ՊԵԿ փոխնախագահի խոսքով դրոշմավորման մասով ծրագրային լուծումներ տրվում են:

 

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանն անդրադարձել է տնտեսավարողներին մտահոգող տեխնիկական խնդիրների լուծմանն ուղղված քայլերին:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

  • Կիսվել: