երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը

Գևորգ Պապոյանը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միտված է բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Վստահաբար կարող ենք ասել, որ տարեցտարի արձանագրվում է ոչ միայն ներգնա, այլև ներքին զբոսաշրջության վիճակագրական ցուցանիշների նկատելի աճ։
 
2022 թվականի համեմատ 2023 թվականին գրանցվել է շուրջ 19 % ներքին այցելությունների թվի աճ, ինչը նաև մեր հանրության կողմից մեր երկրի հարուստ ժառանգությունը ճանաչելու և Հայաստանում ճանապարհորդելու պատրաստակամության վառ ապացույցն է։
 
Նախարարությունը սատարում է այս գաղափարը և ակտիվորեն կյանքի կոչում այն ի նպաստ մարզերում զբոսաշրջային գործարար հարաբերությունների ձևավորմանը՝ հատկապես, որ զբոսաշրջությունը հանդիսանում է տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը»,-նշել է Գևորգ Պապոյանը։
 
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի մարզերը ներկայացնում են իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունը, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

  • Կիսվել: